23:41  +04,  2 նոյեմբերի, 2018

Հակոբ Սերոբյանը՝ Դոհայից. Ափսոսում եմ, որ բաց թողեցինք աշխարհի առաջնության բրոնզե մեդալը

Ափսոսում եմ, որ բաց թողեցինք աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Մեծ հույսեր ունեմ Արթուր Դավթյանից: Կարծում եմ՝ Դավթյանը վաղը մեզ անակնկալ կմատուցի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դոհայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Քաթարի մայրաքաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 2-ին կայացած օղակների վարժության եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը հաջող հանդես եկան, սակայն մեդալ չնվաճեցին: Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը գրավեց 6-րդ տեղը, իսկ Համաշխարհային ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը՝ չորրորդ տեղը՝ չնչին միավորներով բրոնզե մեդալը զիջելով Իտալիայի ներկայացուցիչին:

Աշխարհի առաջնության եզրափակիչում է նաեւ Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից Արթուր Դավթյանը, որը պայքարի դուրս կգա նոյեմբերի 3-ին հենացատկի վարժությունում:

Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է 3 մարմնամարզիկ դուրս գալիս աշխարհի առաջնության եզրափակիչ:

Պարոն Սերոբյան, աշխարհի առաջնության բրոնզե մեդալը բաց թողեցինք: Ի՞նչը չբավարարեց:

Ցավում եմ, որ բաց թողեցինք: Մեզ գրեթե ոչինչ չէր պակասում մեդալի համար: Պայքարում ենք աշխարհ ուժեղագույնների հետ՝ ուժեղագույնների շարքում: Սա իսկապես աննախադեպ հաջողություն է բոլորիս համար:

Արթուր Թովմասյանն այսօր շատ լավ հադես եկավ, շատ լավ կատարեց իր վարժությունը, վերջին ցատկի ժամանակ, երբ արդեն դիմավորում էր, մի փոքր կռացած կրկնացատկ կատարեց, իսկ դա արդեն կորուստ է: Պետք է չաներ, պետք է կարողանար պահել իրեն: Բայց ոչինչ, սա սպորտ է պայքար է, ու մեր տղաները հզոր պայքար են տանում: Ես շատ գոհ եմ: Այսօր Արթուր Թովմասյանը հավատացրեց բոլորիս, որ կարող ենք, ուժեղ ենք եւ արժանի պայքար ենք տանում լավագույնների մեջ:

Լարվածությունը խանգարե՞ց Թովմասյանին:

Այո, իսկապես շատ մեծ լարվածություն կար. սա աշխարհի ուժեղների կռիվն է. մրցակիցներն օլիմպիական, աշխարհի չեմպիոններն էին: Բացի այդ, Արթուր Թովմասյանն առաջին անգամ իր մարզական կարիերայում աշխարհի առաջնության եզրափակիչում էր եւ պայքարն ավարտում է 4-րդ տեղով: Սա մեծ արդյունք է: Նա դեռ կարող է: Կաշխատենք, թերությունները կշտկենք մինչեւ հաջորդ աշխարհի առաջնություն:

Վահագն Դավթյանն էլ ավարտեց 6-րդ տեղում: Նրա ելույթն ինչպե՞ս կգնահատեք:

Դավթյանն իր հնարավորությունների առավելագույնն արեց: Օրինակ՝ Թովմասյանն ուներ հնարավորություն 3-րդ տեղի: Բայց Դավթյանն այսքանից ավել չէր կարող: Նա նույնպես լավ հանդես եկավ: Գոհ եմ երկուսից էլ: Միայն թե ափսոսում եմ մեդալի համար: Բայց սա մեզ կրկնակի ուժ կտա, որ հաջորդ տարի մեդալների հետեւից գանք:

Այսպիսի հաջող ելույթներ չէիք սպասո՞ւմ:

Իրականում, ոչ: Եվրոպայի առաջնությունից հետո չէինք սպասում, որ եզրափակիչի մասնակիցներ կունենայինք: Մենք ինքներս, ասես, չէինք հավատում, որ մեդալային պայքարում կլինենք:

Իրականում, մեր մարմնամարզիկներն են աճե՞լ, թե՞ այս առաջնությունն է թույլ:

Մեր մարզիկներն են աճել. իրոք: Ուղղակի ես չէի հավատում: Եթե անկեղծ, Դոհա գալիս մտածում էի՝ 5 մասնակիցներից մեկն էլ մտնի լավագույն 8-ի մեջ, գոհ կլինեմ: Բայց 3 եզրափակիչի մասնակից, այսքան հաջող մրցելույթներ, մեդալին այսքան մոտ, չէի սպասում:

Արթուր Դավթյանից ի՞նչ սպասելիք ունեք:

Արթուրը բազմամարտի եզրափակիչում գերազանց հանդես եկավ: Այստեղ էլ նա ինձ անակնկալի բերեց: 9-րդ տեղի արդյունքն ինձ ուրախացրեց: Վաղը հանդես կգա իր հիմնական գործիքի՝ հենացատկի եզրափակիչում եւ կարծում եմ, որ բոլորիս անակնկալ է անելու:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը 9-րդ տեղն էր գրավել աշխարհի առաջնության բազմամարտի մրցաշարում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ