19:05  ,  18 հոկտեմբերի, 2018

Սպորտի նախարարի ու Արթուր Գեւորգյանի հանդիպումը չի ստացվել նախատեսվածի պես

Հայկական բռնցքամարտի հակամարտող կողմերի եռակողմ հանդիպումը տեղի չունեցավ: Այս մասին փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հոտեմբերի 18-ին բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամները, կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, բողոքի ակցիա էին անցկացրել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության շենքի մոտ, հանդիպել նորանշանակ նախարար Գաբիել Ղազարյանի հետ: Սպորտի նախարարը խոստացել էր կարճ ժամանակահատվածում կազմակերպել եռակողմ հանդիպում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի եւ բողոքարկող կողմի հետ: Բողոքի ակցիայից ժամեր անց Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ հրավիրվել է եռակողմ հանդիպում-քննարկման անձամբ Գաբրիել Ղազարյանի կողմից, եւ ներկա պետք է լիներ նաեւ ներկայացուցիչ նորաստեղծ ֆեդերացիայից: Սակայն սպասված հանդիպումն այդպես էլ չկայացավ, քանի որ եռակողմ հանդիպմանը ներկայացել էր միայն Արթուր Գեւորգյանը:

«Ինձ ասացին, որ ժամը 5-ին կայանալու է փակ հադիպում Գաբրիել Ղազարյանի ղեկավարությամբ: Շուրջ 30 րոպե սպասելուց հետո նախարարն ինձ տեղեկացրեց, որ բողոքարկող կողմից որեւէ մեկը չի արձագանքում հանդիպման առաջարկին եւ որեւէ մեկը չի ցանկանում գալ եւ դեմ առ դեմ ներկայացել այդ թիմի պահանջը: Ես առանձնին հանդիպեցի Գաբրիել Ղազարյանին եւ պայմանավորվեցինք, որ հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակին կտրվի իրավական լուծում: Օրենքի սահմաններում այս հարցը կկարգավորվի շատ շուտով: Ես մինչեւ օրս այդպես էլ չհասկացա բողոքարկող կողմի հստակ պահանջը: Ու նաեւ չհասկացա, թե ինչու են խուսափում մեկ սեղանի շուրջ խնդիրներին լուծում տալուց: Փաստացի սա երկրորդ դեպքն է, երբ բողոքարող կողմը հրաժարվում է հանդիպումից, իսկ առավոտյան նախարարարության շենքի առջեւ իրականացրած բողոքի ակցիայում հայտարարում էին, թե պահանջում են հանդիպում, որպեսզի ներկայացնեն իրենց պահանջները»,- ասաց Արթուր Գեւորգյանը Գաբրիել Ղազարյանի հետ հանդիպումից դուրս գալիս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում