22:27  ,  13 հոկտեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանց. Շատ ցավալի պարտություն էր, ամբողջ պատասխանատվությունն իմն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Ջիբրալթարի թիմից կրած նվազագույն հաշվով տնային պարտությունն Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում:

«Դաժան պարտություն էր: Դուք էլ տեսաք, որ ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր, պարզապես չկարողացանք օգտագործել դրանք:

Եթե չհաշվենք 11 մետրանոցի դրվագը, Հրայր Մկոյանը վատ չխաղաց: Մկոյանը փորձառու ֆուտբոլիստ է եւ երկար տարիներ խաղում է Հայաստանի հավաքականում: Ցանկանում էինք, որ այս խաղով նա լավ մարզավիճակ ձեռք բերեր:

Գոլային պահերն իրացնելու հետ կապված խնդիրների մասին կասեմ, որ Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի եւ գոլեր կլինեն: Մենք սպասում էինք, որ Մովսիսյանը կմասնակցի միայն առաջին խաղակեսին: Ինձ թվում է, որ նրա ֆիզիկական պատրաստվածությունը թույլ կտա անցկացնել մեկ խաղակես: Յուրայի մոտ ոչ թե ֆիզիկական պատրաստվածության խնդիր է, այլ խաղային պրակտիկայի պակասի: Իհարկե, միայն հավաքականում խաղալով խաղային պրակտիկա ձեռք չեն բերում: Մենք գիտենք Յուրայի մեծ ցանկությունը եւ պատրաստակամությունը: Վստահ եմ, որ հաջորդ խաղում նա ավելի լավ կխաղա, ավելի շատ կստեղծի գոլային պահեր եւ գոլ կխփի:

Ինձ համար կարեւոր է ոչ թե գնդակի շատ վերահսկումը, այլ գոլային պահերի ստեղծումը: Գոլային պահեր ունեցանք, բայց համաձայն եմ, որ որոշ դեպքերում վերջին փոխանցումը չէր ստացվում, որ կարողանային դատարկ դարպասին գոլ խփել: Պարզապես այսօր չստացվեց:

Չեմ ասի, որ այլեւս անելիք չունենք Ազգերի լիգայում: Տեսականորեն հնարավորություն դեռ ունենք եւ կպայքարենք մինչեւ վերջ:

Հավաքականում իմ մնալու եւ չմնալու հարցը կորոշեն ղեկավարները: Մինչեւ 2020 թվականը կաշխատեմ իմ գիտելիքները, փորձը եւ եռանդը փոխանցել մեր հավաքականին, որպեսզի հասնենք հաղթանակի: Իսկ թե որքանով կհաջողվի, դա չեմ կարող ասել:

Իհարկե, այս պարտությունն անսպասելի էր: Ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է: Շատ ցավալի պարտություն էր, որի պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում՝ սկսած կազմից, գոլի դրվագից. ամբողջ պատասխանատվությունն իմն է:

Իհարկե, մենք պարտավոր էինք հաղթել, բայց եթե նայեք պատմությանը, այսպիսի դեպքեր եւս լինում են: Այս պարտության մեղավորը ես եմ:

Հավատացեք երկրպագուների «ամոթ» վանկարկումները ֆուտբոլիստներին չէին վերաբերվում: Ես անմնացորդ նվիրվածություն տեսա խաղացողների մոտ: Նրանք փորձեցին մինչեւ վերջ, պարզապես չստացվեց: Կորող եմ ասել, որ ունեցանք 7-8 իրական գոլային պահ, իսկ մրցակիցն այդ կասկածելի 11 մետրանոցից բացի, ոչինչ չստեղծեց մեր դարպասի մոտ:

Պետրոս ԱՎետիսյանը չխաղաց, քանի որ պետք է ընտրություն կատարեինք նրա ու Մարկոս Պիզելիի միջեւ: Իհարկե, պետք է երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին աստիճանաբար բերենք Հայաստանի ազգային հավաքական»,- նշեց Գյուլբուդաղյանցը

Հիշեցնենք, որ դա Արմեն Գյուլբուդաղյանցի ներամուտի խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Հոկտեմբերի 16-ին հայկական թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով