21:54  +04,  13 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի կործանարար պարտությունը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում: Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նորամուտի խաղում հայկական թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 198-րդ տեղը զբաղեցնող Ջիբրալթարին եւ պարտվեց նվազագույն հաշվով՝ չօգտագործելով բազմաթիվ գոլային պահեր:

Հայաստանի հավաքականը խաղը սկսել էր 4-2-3-1 տակտիկական սխեմայով, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղում էր տեւական ընդմիջումից հետո ազգային թիմ վերադարձած, ամերիկյան «Չիկագո Ֆայրի» նորեկ Յուրա Մովսիսյանը, որին երկրպագուներն ընդունեցին շատ ջերմ:

Խաղի սկզբնամասում դաշտի տերերն ունեին տարածքային առավելություն, սակայն չէին կարողանում ստեղծել գոլային պահեր: Մեկնարկում խաղի տեմպը բարձր չէր: Առաջին իրական գոլային պահը եղավ 17-րդ րոպեին, երբ Ջիբրալթարի հավաքականի խաղացողը հարմար դիրքից չկարողացավ գրավել դարպասը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը դաշտի տերերին փրկեց գոլից: Ժամանակն անցնում էր, իսկ հայկական թիմը չէր կարողանում լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: 30-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը Գեւորգ Ղազարյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո մի փոքր շեղեց գնդակի ուղղությունը, իսկ Ջիբրալթարի հավաքականի դարպասապահը գնդակը որսաց միայն դարպասային գծի վրա:

Քիչ անց վտանգավոր ստացվեց Հենրիխ Մխիթարյանի հարվածը տուգանային հրապարակի մատույցներից, սակայն գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականն ավելի շատ էր գրոհում, բայց հյուրերը դիմանում էին: 39-րդ րոպեին հայկական թիմն ունեցավ առաջին իրական գոլային պահը: Գրոհին միացած Կամո Հովհաննիսյանը դարպասի դիմաց միայնակ ստացավ գնդակը, բայց չկարողացավ գրավել դարպասը: Քիչ անց Ջիբրալթարի հավաքականի դարպասապահը հուսալի գործեց արդեն Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո: Գոլը կարծես հասունանում էր, բայց շուտով թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ Ղազախստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելին, որը փոխարինեց հենակետային կիսապաշտպանի դիրքում հանդես եկող Գոռ Մալաքյանին եւ Հայաստանի թիմը սկսեց գործել մեկ հենակետայինով: Երկրորդ խաղակեսի մեկնարկն անհաջող ստացվեց դաշտի տերերի համար: 47-րդ րոպեին Ջիբրալթարի հավաքականը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ Հրայր Մկոյանի կոպիտ սխալի արդյունքում: Երեւանի «Ալաշկերտի» պաշտպանը սեփական տուգանային հրապարակում հապաղեց գնդակը հեռացնելիս եւ թույլ տվեց կանոնների խախտում: 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս» ակումբի պաշտպան Ժոզեֆ Չիպոլինան՝ 0:1:

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը նետվեց առաջ եւ մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասին: 60-րդ րոպեին Մարկոս Պիզելիի հարվածից հետո հյուրերի դարպասապահը դարձյալ փրկեց իր թիմին: Հայաստանի հավաքականը շարունակում էր գրոհների տեղատարափը եւ վստանգավոր պահեր ստեղծում մեկը մյուսի հետեւից, իսկ գոլեր չկային: Երկրորդ խաղակեսոմ խաղի սցենարն անփոփոխ էր. Հայաստանի հավաքականը գրոհում էր եւ գրեթե չէր հեռանում մրցակցի կիսադաշտից, իսկ հյուրերը պաշտպանվում էին մեծ ուժերով: Յուրա Մովսիսյանը գրեթե աննկատ էր խաղադաշտում, իսկ 69-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Սարգիս Ադամյանին: Հայաստանի հավաքականի գրոհներն ու գոլային պահերն արդեն բարդ էր հաշվել, իսկ գնդակը պարզապես չէր ցանկանում հայտնվել հյուրերի դարպասում, որն անառիկ մնաց մինչեւ խաղի ավարտը՝ 0:1:

Ջիբրալթարի հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Նշենք, որ Ջիբրալթարի հիմնի փոխարեն ստադիոնում սխալմամբ հնչել է Լիխտենշտեյնի հիմնը: ՀՖՖ-ն սխալի համար ներողություն է խնդրել Ջիբրալթարի պատվիրակությունից:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում 2:1 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնին, իսկ երկրորդ խաղում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտություն էր կրել մակեդոնացիներից:

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որը հոկտեմբերի 13-ին տնային հանդիպում է անցկացնելու Լիխտենշտեյնի հետ:

Ազգերի լիգայի 4 դիվիզիոնների հաղթողները նվաճելու են 2020թ. Եվրոպայի առաջնության ուղեգիր: Խմբային փուլից հետո թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:

Ազգերի լիգա, երրորդ տուր

դիվիզիոն

Չորրորդ խումբ

Հայաստան - Ջիբրալթար՝ 0:1

Ժոզեֆ Չիպոլինա, 50, 11մ

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Կամո Հովհաննիսյան, Գոռ Մալաքյան (Մարկոս Պիզելի, 46), Արտակ Գրիգորյան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան (Արթուր Սարկիսով, 61), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Սարգիս Ադամյան, 69):

---

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ