10:25  ,  12 հոկտեմբերի, 2018

Յուրա Մովսիսյանը հանդիպել է Արթուր Ալեքսանյանի հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական վերադարձած, ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ: Լուսանկարը սոցցանցերում հրապարակել է Մովսիսյանի եղբայրը՝ Արթուր Սահակյանը, որը Երեւանի «Արցախի» գործադիր տնօրենն է:

Հիշեցնենք, որ 31-ամյա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին:

Այս հանգստյան օրերին նա «Չիկագո Ֆայրի» կազմում մասնակցել էր «Դի Սի Յունայթեդի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղին, որում փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբում նորամուտը նշել էր «Նյու Ինգլանդ Ռեւոլուշնի» դեմ սեպտեմբերի 23-ին կայացած խաղում, որում փոխարինման էր դուրս եկել 80-րդ րոպեին: «Չիկագո Ֆայրի» հաջորդ 2 հանդիպումներին նա չէր մասնակցել:

Յուրա Մովսիսյանը 2010-2015-ը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով