22:37  ,  6 սեպտեմբերի, 2018

Վարդան Մինասյան. 2 պատճառով խաղը չընթացավ մեր սցենարով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրում Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ տնային հաղթանակը 2:1 հաշվով:

«Չեմ մեկնաբանի մրցակցի մարզիչի կարծիքը: Երեկ ես ասացի, որ լավ կլինի, որ խաղն ընթանա մեր սցենարով: Դա տեղի չունեցավ 2 պատճառով: Առաջին խաղակեսում վնասվածքից հետո մեր խաղի ծրագիրը փոխվեց: Երկրորդ պատճառը բազմաթիվ գոլային պահերը չիրացնելն է:

Կոնկրետ խաղի մասին կասեմ, որ իմ պահանջած էմոցիոնալ խաղը տեսանք այսօր, սակայն որոշ դրվագներում չէինք տեսնում դա:

Իհարկե, մենք հետեւում ենք Լյուքսեմբուրգում հանդես եկող Ալեքսանդր Կարապետյանի խաղերին՝ հատկապես Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: Նա մեր տեսադաշտում է եւ չի բացառվում, որ որ հաջորդ 2 խաղերին կհրավիրվի հավաքական: Հայաստանի հավաքականում նորամուտից հետո Կարապետյանի խաղում ես մեծ առաջընթաց եմ տեսնում այս ընթացքում:

Հարձակման ցուցակում Սարգիս Ադամյանի ու Արթուր Սարկիսովի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ մենք գտել էինք, որ այսօր մրցելու ենք փակ ֆուտբոլ խաղացող թիմի դեմ: Մեր այսօրվա հարձակման գիծը՝ Օզբիլիս, Մարկոս, Մխիթարյան եւ Յագան, այդ ֆուտբոլիստներն ավելի հարմար են այսպիսի թիմերի դեմ խաղերում: Մենք ունենք նաեւ Տիգրան Բարսեղյան, որը մեր երրորդ հարձակվողն է: Ընդամենը սա էր պատճառը: 

Ճիշտն ասած, մենք ավելի շատ պատրաստվել էինք, որ Լիխտենշտեյնի հավաքականը պետք է խաղար 5-3-2 մարտավարությամբ, քանի որ վերջին 5 խաղերից չորսում նրանք այդպես էին հանդես եկել: Ես Լիխտենշտեյնի հավաքականին համեմատեցի Անդորրայի թիմի հետ, եւ այս թիմն ավելի շատ է սիրում գնդակով խաղալ: Մարտավարության առումով մրցակիցը փորձել էր անակնկալ մատուցել մեզ, սակայն մենք շատ արագ կողմնորոշվեցինք:

Այսօր դրվագներով տեսել եմ իմ ցանկացած ֆուտբոլը, տեսել եմ խաղի վերջին հատվածում: Սակայն սա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք: Այսպես մեզ համար դժվար կլինի ապագայում:

Իհարկե, գոլ խփելը մեծ նշանակություն ունի: Եթե մենք իրացնեինք մեր պահերը, խաղն ավելի հանգիստ կընթանար:

Երբ խոսում ենք հավաքականի մասին, շատ բարդ է եւ ցանկալի չէ ասել՝ սա հիմնական կազմն է, թե՝ ոչ: Հավաքական հրավիրվում են լավագույնները, եւ մենք նայում ենք նրանց ֆունկցիոնալ վիճակը եւ ընտրում լավագույն կազմը: Հավաքական հրավիրված բոլոր՝ 23 ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն:

Երեկ ես ասացի, որ կցանկանայինք այս խաղով պատրաստվել հաջորդ հանդիպմանը գոնե տակտիկական դասավորության առումով, սակայն առաջին խաղակեսում տեղի ունեցածը սահմանափակեց մեր ընտրությունն ու փոփոխությունների հնարավորությունը:

Անչափ ուրախ եմ հաղթանակի համար, քանի որ 3 միավորը շատ կարեւոր է մեզ համար, իսկ ինչ պետք է լավացնենք, կփորձենք անել դա: Եթե լավ խաղայինք, բայց չհաղթեինք, չէինք կարող ուրախանալ:

Մրցակիցն ուսումնասիրել էր մեր խաղը եւ գիտեր, որ մենք սիրում ենք փոխանցումներով դուրս գալ պաշտպանությունից: Առջեւի գծում մենք ընտրել էինք Մխիթարյանին, Յագանին, Մարկոսին ու Արասին, որպեսզի նրանք կարողանային մրցակցի պաշտպանության եւ կիսապաշտպանության արանքում գնդակ ընդունել, շրջվել եւ շարունակել հարձակումը:

Մեր հայտնված իրավիճակում այսօրվա պաշտպանների ընտրությունն օպտիմալ էր: Ինչ վերաբերում է Անդրե Կալիսիրին, նա շատ լավ հանդիպում անցկացրեց:

Արտակ Եդիգարյանն Արմեն Մանուչարյանից ավելի քիչ էր միանում գրոհներին, քանի որ Մանուչարյանն արագությամբ ու մոբիլությամբ գերազանցում է Արտակին: Այդ պատճառով ավելի ակտիվ էր մեր պաշտպանության մյուս՝ աջ եզրը»,- նշեց Վարդան Միանասյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ 2018 թվականին: Նախորդ 4 ընկերական խաղերում հայկական թիմը գրանցել էր 3 ոչ ոքի եւ կրել մեկ պարտություն: Սեպտեմբերի 9-ին Վարդան Մինասյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայի երկրորդ տուրում Սկոպյեում կխաղա Մակեդոնիայի հավաքականի հետ:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում