23:51  ,  23 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկին» ու «Ալաշկերտին» հաղթողները պարտություն կրեցին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում օգոստոսի 23-ին անցկացվում են որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը:

Երեւանի «Փյունիկին» պայքարից դուրս թողած Թել Ավիվի «Մաքաբին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց նորվեգական «Սարպսբորգին»:

Երեւանի «Ալաշկերտի» արգելքը հաղթահարած ռումինական «Կլուժը» մրցակցի դաշտում 0:2 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:

Պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց: Այս փուլում հաղթողները նվաճելու են Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ «Փյունիկն» այս մրցաշրջանում դարձել էր հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբը, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում: Երեւանյան ակումբը հաղթահարել էր մակեդոնական «Վարդարի» (1:0, 2:0) ու ղազապական «Տոբոլի» (1:2, 1:0) արգելքը:

«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման փուլում հայտնվել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում շոտլանդական «Սելթիկին» պարտվելուց հետո: Հայաստանի եռակի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում ուժեղ էր գտնվել Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայից» (1:0, 0:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով