15:15  ,  1 օգոստոսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» տուգանել է Մարտիալին. Մոուրինյոն չգիտի, թե արդյոք ֆրանսիացին վերադառնալու է ակումբ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին 250 հազար դոլարով տուգանել է ինքնակամ ակումբի ճամբարը լքելու համար, գրում է The Sun-ը:

22-ամյա ֆուտբոլիստը լքել է ԱՄՆ-ում ընթացող հավաքը եւ արդեն 8 օր չի մարզվում թիմի հետ: Որդու ծնվելու առթիվ Մարտիալը մեկնել է Փարիզ, սակայն մինչեւ օրս չի միացել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ չնայած թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պահանջին: Բրիտանական մամուլի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը ցանկանում է բաժանվել հարձակվողից:

Մոուրինյոյի խոսքով՝ նա չգիտի, թե արդյոք Մարտիալը վերադառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Մարտիալի մասին հարցերն ուղղեք մամուլի քարտուղարին, եւ եթե նա ցանկանա, ապա կպատասխանի: Ես չգիտեմ՝ արդյոք Մարտիալը միանալու է իր թիմակիցներին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Տոտենհեմն» ու այլ ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում