14:32  +04,  4 հուլիսի, 2018

ՀԲՖ փոխնախագահ. Եթե հավաքականի նկատմամբ պետական վերաբերմունքը չփոխվի, մենք չենք շարունակի մեր աշխատանքը

Չնայած մեր հավաքականը  Եվրո-2021-ի նախնական ընտրական փուլի վերջին խաղում պարտվեց Դանիային, բայց հնարավորություն ունեցավ շարունակել պայքարը երկրորդ փուլի խմբային մրցաշարում: Սա մեծ հաջողություն է ազգային հավաքականի համար, բայց ունենք խնդիր խմբային փուլի մեր մրցակիցներին հյուրընկալել տանը: Եթե Բասկետբոլի ազգային հավաքականի նկատմամբ պետական վերաբերմունքը չփոխվի, մենք այլեւս չենք շարունակի մեր աշխատանքը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը, ով ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ ներկայացրեց ֆեդերացիայի եւ հավաքականի առջեւ ծառացած խնդիրները:

«Ես համարում եմ, որ ազգային հավաքականը, ֆեդերացիան անում են ամեն ինչ, որ մենք հաջողություններ ունենանք: Այդ հաջողություններն արդեն տեսանելի են, դա ապացուցում է Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ խմբային փուլ դուրս գալով: Բայց մեր թիմի նկատմամբ առկա վերաբերմունքը չի համապատասխանում պահանջնին: Խոսքս պետական վերաբերմունքի մասին է: Մեզանից պահանջվում է ավելին, քան վերաբերմունքն ու մոտեցումն է առհասարակ բասկետբոլի ազգային հավաքականի նկատմամբ: Պետական մոտեցում, ֆինանսավորում չկա: Մենք ունենք այս պահին լուրջ ֆինանսական խնդիրներ, որոնք չլուծելու դեպքում մենք ուղղակի կլուծարենք ազգային հավաքականը: Մեր արդյունքներով մենք հասել ենք առավելագույնի. սրանից առավել չենք կարող անել, մինչեւ պետության վերաբերմունքը չփոխվի: Մենք սրանից ավել հաջողություն չենք կարող այլեւս ունենալ, եթե մեր նկատմամբ վերաբերմունքը չփոխվի: Խոսքը տարատեսակ խնդիրների մասին է, սկսած մարզումների համար մարզադահլիճից, մինչեւ խոշոր ծախսերը: Միայն ներսում աշխատող մարդիկ կհասկանան մենք, թե ինչ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած:

Կա միջազգային փորձ. մենք օգտվում ենք այն տեխնոլոգիաներից, որոնք օգտվում է ամբողջ աշխարհը: Իսկ դրանք մեծ գումարների հետ է կապված: Չեմ ասում, թե բացարձակ աջակցություն, ֆինանսավորում չունենք: Բայց բավարար չէ այն, ինչ ունենք:  Մենք նախընտրական 1-ին փուլում ունեցանք հաջողություններ, ոչ թե այդ աջակցությունների, ֆինանսավորման շնորհիվ, այլ մեր ունեցած պայմաններին հակառակ: Ներքին շատ հարցեր ունենք, որոնք ազդում են մեր խաղի արդյունքների վրա: Ես ֆեդերացիայի փոխնախագահն եմ, բայց ամբողջ օրը զբաղված եմ ֆինանսական հարցերով: Մարզիկների ենք կրճատում, էժան տոմսեր ենք փնտրում»,- մանրամասնեց Արա Պողոսյանը:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը տեղեկացրեց, որ ՖԻԲԱ-ն նամակ է ուղարկել ՀԲՖ-ին տեղեկացնելով, որ եթե Հայաստանում «Միկա» մարզահամալիրում չլինեն համապատասխան պայմաններ, թույլ չի տա տնային հանդիպումներն անցակցնել:

«Ըստ ՖԻԲԱ-ի պահանջի, այս փուլում մենք պետք է փոխենք մեր մարզադահլիճի լուսատախտակները եւ զամբյուղները: Քանի որ FIBA-ն այլեւս թույլ չի տալիս կախված զամբյուղներով խաղերն անցկացնել: Պետք է լինեն կանգնած զամբյուղներ: Այս ամենը միասին կազմում է մոտ 70 հազար եվրո, որը պետք է հասցնենք փոխել մինչեւ սեպտեմբեր: Հակառակ դեպքում FIBA-ն ուղղակի թույլ չի տա մեզ սեփական հարկի տակ ընդունել Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի հավաքականներին:

Խնդիրն այն է, որ մեր հավաքականը վերցրել է շատ բարձր նշաձող, որին մեր երկիրը պատրաստ չէ: Մենք կարող ենք եւ պատրաստ ենք լավ մարզումային փուլ, թիմի բոլոր խաղացողներին հավաքականի ճամբար բերելու դեպքում անցնել Եվրո-2021-ի հաջորդ՝ վերջին փուլ: Այդ փուլի պայմաններն էլ ուրիշ են. տնային խաղերը պետք է անցկացվեն 3000 տեղանող մարզադահլիճներում:

Այսօր ազգային հավաքականի համար չկա որեւէ արտոնություն, որը թույլ կտա կրճատել ինչ-որ ծախսեր, դահլիճներից անվճար օգտվել: Այսինքն՝ ազգային հավաքականն ասես գործում է ինչպես որեւէ բասկետբոլային ակումբ, մարզական ակումբ: Մենք չունենք անվճար մեզ տրամադրվող մարզադահլիճ մարզվելու համար: Ամեն անգամ մենք վարձում ենք մարզադահլիճները մարզումներ, հավաքներ անելու համար: Ազգային հավաքականը միայն անվճար ստանում է ոչ խաղային համազգեստ տոնական շքերթների համար: Այս պահին հասել ենք մի կետի, որ կամ որոշակի վերաբերմունք պետք է փոխվի, կամ պետք է չշարունակենք, որովհետեւ չենք կարող Մեծ Բրիտանիայի կամ Ավստրիայի հավաքականների հետ պայքարի մեջ մտնել՝ չունենալով ոչինչ: Մենք արդեն հասել ենք նրան, որ պետք է ինչ-որ բան փոխվի: Մենք այլեւս սկսնակ երկիր չենք համաշխարհային բասկետբոլում, արդեն խաղում ենք բասկետբոլի գերտերություններին համարժեք: Բայց նրանց հետ հավասար քայլելու համար մեր երկրում այս մարզաձեւի եւ ազգային հավաքականի նկատմամբ  այլ մոտեցում է արդեն պետք»,- նշեց Արթուր Նազարյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե խնդիրների լուծման համար ում է դիմել կամ ում է պատրաստվում դիմել ֆեդերացիան, ՀԲՖ փոխնախագահը նշեց, որ արդեն հանդիպել են սպորտի նախարարի հետ:

«Մենք ուղղակի ուզում ենք հասկանալ՝ բասկետբոլի ազգային հավաքական այս երկրին պետք է, թե ոչ: Գուցե պետք չէ, բոլորս միմյանց ասենք հաջողություն եւ բաժանվենք: Եթե պետական է, ազգային է, պետք է պետությունն օգնի: Վրաստանում միայն 1 մլն դոլար ազգային հավաքականի բյուջեն է: Մեր հավաքականի տեսքը նույնիկս ներկայանալի չէ, չգիտենք՝ յուրաքանչյուր խաղին մեզ հետ բժիշկ կգա, թե ոչ: Արդեն շատ են խնդիրները: Դիմել եւ ներկայացրել ենք սպորտի նախարարին մեր խնդիրները: Կսպասենք պատասխանի»,- ավելացրեց Արա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ բասկետբոլի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Կոպենհագենում 64։90 հաշվով պարտվեց Դանիայի հավաքականին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...