09:06  ,  7 հունիսի, 2018

Կալինինգրադում ԱԱ-2018-ի կամավորների խմբի ղեկավար Սուրեն Մանուկյանը՝ նախապատրաստական փուլի մասին

Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներից մեկը Կալինինգրադն է: Ռուսաստանի ամենաարեւմտյան քաղաքում աշխատելու են կամավորների 2 խմբեր՝ ՖԻՖԱ-ից եւ Կալինինգրադի մարզից: Տեղի կամավորների խմբի ղեկավարն է Կալինինգրադի մարզի «Երիտասարդության կենտրոնի» պետական հաստատության տնօրեն Սուրեն Մանուկյանը: NEWS.am Sport-ի թղթակիցը Կալինինգրադում զրուցել է Սուրեն Մանուկյանի հետ, որը պատմեց նախապատրաստական աշխատանքների եւ կամավորների գլխավոր առաքելության մասին:

Սուրեն, նախ պատմեք, թե երբվանի՞ց եք բնակվում Ռուսաստանում եւ ինչպե՞ս եք սկսել Ձեր գործունեությունը:

Մեր ընտանիքը Եղվարդից է: Կալինինգրադ ծնողներիս հետ եկել եմ 2001 թվականին, երբ սովորում էի 6-րդ դասարանում: Սկզբում այնքան էլ լավ չէի տիրապետում ռուսերենին, սակայն աստիճանաբար սովորեցի: Գործունեությունս սկսել եմ հենց դպրոցից: 2003-2004 թվականներին այստեղ սկսեցին ձեւավորվել դպրոցական եւ ուսանողական ինքնակառավարման մարմիններ: Սկզբում ես ընտրվեցի ավագ դպրոցի խորհրդի նախագահ: Դրանից հետո ընդունվեցի Բարձրագույն ուսումնական հաստատություն եւ ընտրեցի տնտասեգետի մասնագիտություն: Այնտեղ դարձա նաեւ ուսանողական խորհրդի նախագահ: Դրանից հետո երկրորդ քարտուղարը դարձա «Ռուսաստանյան երիտասարդության խորհուրդ» հասարակական կազմակերպությունում, որը Կենտրոնական կոմիտեի իրավահաջորդն է: 10 տարի այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո նախարարի հրավերով եկա Կալինինգրադի մարզի «Երիտասարդության կենտրոնի» պետական հաստատություն: Սկզբում ես կենտրոնի փոխտնօրենն էի, իսկ հետո զբաղեցրեցի տնօրենի պաշտոնը: Սկզբում դա հասարակական կազմակերպություն էր, իսկ հիմա պետական է: Այն ժամանակ նաեւ հայկական համայնքի երիտասարդական կենտրոնի ակտիվիստներից էի, իսկ հիմա անդամակցում եմ նաեւ եկեղեցական միությանը եւ հնարավորինս օգնում եմ: Այստեղ ես զբաղվել եմ եռամարտով, իսկ եղբայրս նախկին ձյուդոիստ է:

Ըստ Ձեզ՝ որն է Կալինինգրադի առավելությունը աշխարհի առաջնության մյուս քաղաքների նկատմամբ: Ինչի՞ համար պետք է ֆուտբոլային երկրպագուներն ընտրեն Ռուսաստանի հենց այս քաղաքը:

Ինչպես գիտեք, Կալինինգրադը միակ գրավված քաղաքն է, որն ունի հարուստ պատմություն: Կալինինգրադը շատ եվրոպական քաղաք է: Ժամանելով այստեղ՝ մարդիկ գալիս են թե՛ Ռուսաստան, թե՛ Եվրոպա: Այստեղ դու կարող ես ծանոթանալ ինչպես ռուսական մշակույթին ու ճարտարապետությանը, այնպես էլ եվրոպական: Կալինինգրադում ապրում է 130 ազգ, այդ թվում՝ աֆրիկյան երկրներից: Բալթիկ ծովը եւ գեղեցիկ բնությունը եւս կարող են խթանել այս քաղաք այցելելուն: Բնությունը, ծովը, մարդիկ, կուլտուրան. դա շատ մեծ առավելություն է: Բացի այդ, Կալինինգրադի մարզում գներն ու որակը համապատասխանում են իրար:

Քա՞նի երկրպագու է աշխարհի առաջնության ժամանակ ժամանելու Կալինինգրադ:

Նախնական տվյալներով, սպասվում է մոտ 500 հազար մարդ: Տոմսերի հայտեր են ներկայացրել 30-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Դա ոչ միայն աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների երկրպագուներն են, այլեւ ֆուտբոլասերներ եվրոպական մոտակա երկրներից: Իհարկե, հեռուստացույցով ֆուտբոլ դիտելը բոլորովին այլ է, իսկ իրադարձության վայր ժամանելն ու այդ մթնոլորտը զգալն՝ այլ: Ֆուտբոլային տոնին մասնակցել ցանկանում են նաեւ մարդիկ, որոնց չի կարելի համարել ֆուտբոլի մեծ սիրահարներ:

Դուք աշխարհի առաջնությունում Կալինինգրադի մարզի կամավորների խմբի ղեկավարն եք: Որ՞ն է կամավորների գլխավոր առաքելությունը խաղերի ժամանակ:

Այստեղ աշխատելու են կամավորների 2 խմբեր՝ ՖԻՖԱ-ի կազմկոմիտեից ու կան նաեւ քաղաքային կամավորներ: ՖԻՖԱ-ի կամավորներն աշխատում են ստադիոններում, թիմերի ու պաշտոնական անձանց հետ: Իսկ քաղաքային կամավորներն աշխատում են Կալինինգրադ քաղաքում: Ստադիոնից ոչ շատ հեռու գտնվող մեր շտաբից կամավորները կուղեւորվեն այն վայրերը, որտեղ կատարելու են իրենց առաքելությունը: Մենք համագործակցում ենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների հետ: Միասին անցկացրել ենք թրեյնինգներ, եղել են նաեւ անգլերենի արագացված կուրսեր: Մենք կատարելու ենք ուղեցույցի աշխատանք ու նաեւ ստեղծելու ենք տոնական մթնոլորտ: Երկրպագուներին օգնելուց բացի, մեր կամավորները փորձելու են նաեւ լավ տրամադրություն ստեղծել փողոցներում: Բոլոր կամավորները հավատարմագրված են, նրանք անվճար ստանում են հատուկ համազգեստ, որի ընտրության հարցում քննարկումներ ենք կատարում նաեւ ՖԻՖԱ-ի կազմկոմիտեի հետ: ՖԻՖԱ-ի կամավորների համազգեստը կլինի կարմիր, իսկ մերը՝ կապույտ: Քաղաքային կամավորներն աշխատելու են երկրպագուների համար նախատեսված գոտում, Լիտվայի ու Լեհաստանի սահմանում, Կալինինգրադի օդանավակայանում ու կայարաններում: Մեր խմբում աշատելու են 1300 կամավորներ:

Կամավորներին ընտրելիս կա՞ն կոնկրետ նախապայմաններ կամ սահմանափակումներ:

Հիմնականում, սահմանափակումը միայն տարիքային է: Կամավորի տարիքը պետք է գերազանցի 16-ը: Օտար լեզուների իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Պետք չէ մոռանալ, որ կամավորները չեն վարձատրվում, եւ միակ սահմանափակումը դա տարիքն է: Վերջում նրանք ստանում են շնորհակալագրեր, ինչպես նաեւ չեն վերադարձնում կամավորի համազգեստը:

Ըստ Ձեզ՝  ինչու են մարդիկ ցանկանում դառնալ կամավոր:

Կարծում եմ՝ գլխավոր պատճառն այն է, որ յուրաքանչյուրը ցանկանում է մասնակցել ֆուտբոլային տոնին ու ինչ-որ մեծ բանի: Իսկ աշխարհի առաջնությունը համաշխարհային մակարդակի միջոցառում է, եւ յուրաքանչյուրը ցանկանում է ասել, որ եղել է այստեղ եւ մասնակցել է դրան:

Նախապես ծրագրվել էր, որ «Կալինինգրադ» ստադիոնը պետք է ունենա 45 հազար աթոռ, սակայն հետո որոշվեց 10 հազարով նվազեցնել տեղերի քանակը: Ո՞րն էր դրա պատճառը:

Այստեղ հարցն առաջնության ժառանգության մասին է: Աշխարհի առաջնությունն անցնելու է, իսկ հետո պետք է պահել այդ ստադիոնը: Կա նաեւ սեփական եկամուտներով ծախսերը հոգալու խնդիր: Կալինինգրադը մեծ շրջան չէ, եւ փորձել են հնարավորինս կրճատել ծախսերը ստադիոնը հետագայում պահելու առումով:

Այստեղ կա նաեւ հայկական մեծ համայնք: Արդյո՞ք կան հայկական համայնքից այլ ներկայացուցիչներ, որոնք եւս մասնակցում են աշխարհի առաջնության կազմակերպչական հարցերին:

Պաշտոնապես հայկական համայնքում կա 25 հազար մարդ: Պաշտոնական մակարդակում հայկական համայնքից չկան այլ մասնակիցները կազմակերպչական աշխատանքներին, սակայն կամավորների ու ստյուարդների մեջ կան շատ հայեր: Կալինինգրադում հայկական համայնքը մեծությամբ չորրորդն է ռուսներից, բելառուսներից ու ուկրաինացիներից հետո: 2010 թվականի տվյալներով՝ Կալինինգրադի բնակչության մեկ տոկոսը կազմում էին հայերը, սակայն դրանից հետո այստեղ ժամանել են 10 հազարից ավելի հայեր: 

Աշխարհի առաջնությունում ո՞ր թիմերին եք համարում ֆավորիտ:

Հույս ունեմ, որ Ռուսաստանի հավաքականը կհաղթահարի խմբային փուլի արգելքը, սակայն ռուսական թիմը, ինչպես միշտ, խաղում է անակնկալներով: Նույնիսկ իրենք չգիտեն՝ կհաղթեն, թե՝ ոչ: Երբեմն կարող են հասնել անհավանական արդյունքի կամ միանգամից դուրս մնալ: Կարծում եմ՝ գլխավոր ֆավորիտներն են Գերմանիան ու Իսպանիան: Ենթադրում եմ, որ լինելու է եվրոպական եզրափակիչ:

Կալինինգրադում կա միայն մեկ ակումբ՝ «Բալթիկան», որը խաղում է Ռուսաստանի առաջին լիգայում: Ըստ Ձեզ՝ աշխարհի առաջնության անցկացումը կարող է խթան դառնալ, որ այստեղ ստեղծվեն նաեւ այլ ակումբներ ու ավելի լուրջ աշխատանքներ տարվեն ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ:

Ասեմ, որ Կալինինգրադի սիրողական լիգայում հանդես են գալիս մոտ 300 խաղացողներ: Նշեմ նաեւ, որ հայկական համայնքն այստեղ միակն, որն ունի ֆուտբոլային ակումբ: «Արարատ» ակումբն ունի ինչպես ֆուտբոլի, անպես էլ մինի ֆուտբոլի սիրողական թիմեր եւ դարձել է մարզի չեմպիոն: Ստադիոն կառուցելուց բացի, այստեղ վերակառուցվել են նաեւ 4 պատմական խաղադաշտեր: Դա նույնպես կխթանի ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությանն ու առաջընթացին: Ծրագրվել է, որ աշխարհի առաջնությունից հետո այդ դաշտերը հանձնելու ենք սպորտային դպրոցներին, իսկ դա կնպաստի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը ինչպես Կալինինգրադի մարզում, այնպես էլ Ռուսաստանում: Կա լավ ստադիոն ու մթնոլորտ, բայց ամեն տեղ հարկավոր են մեծ գումարներ: Վստահ եմ, որ ֆուտբոլը կզարգանա նաեւ Ռուսաստանում:

Դավիթ Եղիազարյան

Կարդացեք նաեւ՝ Ո՞ւր պետք է այցելել ԱԱ-2018-ի քաղաքներում. NEWS.am Sport-ի ռեպորտաժը՝ Կալինինգրադից  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով