09:15 5 հունիսի, 2018Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներից մեկը Կալինինգրադն է: NEWS.am Sport-ի ռեպորտաժը Կալինինգրադից կպատմի, թե ԱԱ-2018-ին մեկնել ցանկացող երկրպագուները ինչ դիտարժան վայրերը պետք է այցելեն այս քաղաքում:
Մեր թղթակիցը Կալինինգրադ է մեկնել «Росмолодежь»-ի Media expedition ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է տարբեր երկրների լրագրողների ու բլոգերների օգնությամբ ֆուտբոլային երկրպագուներին ներկայացնել ԱԱ-2018-ի քաղաքների դիտարժան վայրերը: Մասնակիցները պետք է ընտրեին 2 քաղաքներ, որտեղ անցկացվելու են աշխարհի առաջնության վայրերը:
Կալինինգրադում աշխարհի առաջնության նախաշեմին անվտանգության համակարգն աշխատում է ավելի խիստ ռեժիմով: Օդանավակայանում, տեսնելով արտասահմանցիներից կազմված մեր խումբը, Ռուսաստանի միգրացիոն ծառայություն աշխատակիցները վերցրեցին մեր անձնագրերը եւ թույլ տվեցին օդանավակայանից դուրս գալ միայն բոլորի անձնական տվյալները ստուգելուց հետո:
Մինչեւ Կալինինգրադի դիտարժան վայրերին անցնելը, նշենք այս քաղաքի 3 գլխավոր առանձնահատկությունները: Կալինինգրադն աշխարհի առաջնության քաղաքներից միակն է, որը ցամաքային սահման չունի Ռուսաստանի հետ: Հարեւանությամբ գտնվում են Լեհաստանն ու Լիտվան, ինչպես նաեւ Բալթիկ ծովը: Կալինինգրադի մարզը Ռուսաստանի ամենափոքր մարզն է, ինչպես նաեւ այս քաղաքը ամենաարեւմտյան կետն է Ռուսաստանում: Կալինինգրադը մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է գերմանական քաղաք եւ կոչվել է Կյոնիգսբերգ:
Մեր ուղեւորությունը սկսվեց «Բունկեր» թանգարանից, որը պատմական վայր է այս քաղաքի համար: Հենց այդ վայրում է 1945 թվականի ապրիլի 9-ին ընդունվել Կալինինգրադում (այն ժամանակ Կյոնիգսբերգ) ռազմական գործողությունների դադարեցման եւ քաղաքը Ռուսաստանին հանձնելու որոշումը:
7 մետր խորության վրա գտնվող բունկերն ունի 42 մետր երկարություն ու 15 մետր լայնություն: Այստեղից գերմանացի գեներալները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառավարել են իրենց զորքերը: Թանգարանի նմուշների մի մասը հայտնաբերվել է տարիների ընթացքում:
Այնուհետեւ ուղեւորվեցինք «Музей Мирового океана» թանգարան: Այստեղ մենք եղանք «Витязь» նավի ներսում ու «B-413» սուզանավում: 1939 թվականին կառուցված նավը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել տարբեր տարիների, իսկ ներսում շատ հատվածներ ենթարկվել են ռեստավրացիայի: «B-413» սուզանավում պահպանվել է բոլոր սարքերի մոտ 90 տոկոսը:
Այնուհետեւ մենք ուղեւորվեցինք «Կալինինգրադ» ստադիոն, որտեղ անցկացվելու են ԱԱ-2018-ի խմբային փուլի 4 հանդիպումներ՝ Խորվաթիա – Նիգերիա (հունիսի 16), Սերբիա – Շվեյցարիա (հունիսի 22), Իսպանիա – Մարոկկո (հունիսի 25) եւ Անգլիա – Բելգիա (հունիսի 28): «Կալինինգրադ» ստադիոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականի հուլիսին եւ ավարտվել 2017 թվականի նոյեմբերին: Հատկանշական է, որ մինչեւ շինարարական աշխատանքները ստադիոնի տարածքում եղել է ճահիճ: Այժմ ստադիոնը 4 կողմից շրջափակված է ջրով:
2018 թվականի ապրիլի 11-ին այստեղ անցկացվել է բացման հանդիպումը, որում մրցել են Կալինինգրադի «Բալթիկան» ու Սամարայի «Կռիլյա Սովետովը»: Նվազագույն հաշվով հաղթել են դաշտի տերերը, իսկ խաղին ներկա է եղել 14 926 երկրպագու:
Երեկոյան ստադիոնի լույսերի գույները փոխվում են: Նախապես ծրագրված է եղել, որ «Կալինինգրադը» պետք է ունենա 45 հազար աթոռ, սակայն ավելի ուշ որոշում է կայացվել կառուցել 35 հազարանոց ստադիոն: Ստադիոն մուտք գործել չհաջողվեց, քանի որ ԱԱ-2018-ի բոլոր ստադիոններն արդեն գտնվում են ՖԻՖԱ-ի ենթակայության տակ:
Այնուհետեւ մենք եղանք նաեւ Մայր տաճարում, որտեղ գտնվում է գերմանացի հայտնի փիլիսոփա Իմանուիլ Կանտի գերեզմանը եւ թանգարանը: Կանտն ամբողջ կյանքն ապրել է Կյոնիգսբերգում, որտեղ շատ են նաեւ նրա հուշարձանները: Գերմանիայում նա եղել է դասական փիլիսոփայության նախահայրը, իսկ Կալինինգրադում բոլորը ճանաչում են նրա:

Կալինինգրադում մեր ուղեւորության առաջին օրն ավարտվեց այցելությամբ քաղաքի փարոս: Այս փարոսի առաջին եւ երկրորդ հարկում գործում է ռեստորեն, որտեղ կարելի է համտեսել համեղ ուտեստներ: Փարոսի ներսում կա նաեւ խանութ, որտեղ վաճառվում են տարբեր հուշանվերներ: Փարոս այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Հաջորդ օրը մենք ուղեւորվեցինք «Куршская коса» թերակղզի, որտեղ կան մի շարք դիտարժան վայրեր: Այս կղզու մի հատվածը գտնվում է Ռուսաստանի սահմանում, մյուսը՝ Լիտվայի: «Куршская коса»-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թերակղզին մի կողից շրջապատված է Բալթիկ ծովով, իսկ մյուս կողմից՝ «Կուրշկիյ» ծովածոցով: Ծովն ու ծովածոցն իրար հատվում են Լիտվայի տարածքում:
Թերակղզում մենք առաջինն այցելեցինք Fringilla դաշտային ստացիոնար, որտեղ տեղադրված են թռչունների համար նախատեսված հսկայական թակարդներ: «Куршская коса» թերակղզով աշնան ամիսներին օրական անցում են մինչեւ 2 միլիոն թռչուններ: Բռնելով թռչուններին՝ այստեղի մասնագետները ուսումնասիրում են դրանց, մատանիներ են տեղադրում ոտքին եւ բաց թողնում: Այդպես հնարավոր է լինում իմանալ, թե մինչեւ որ երկրներ են հասնում այդ թռչունները: Fringilla-ում երբեմն հանգրվանում են այլ հետազոտական կենտրոններում եղած թռչուններ:
Հաջորդը մենք եղանք «Высота Мюллера» եւ «Высота Эфа» բարձունքներում: «Մյուլերի բարձունքում» տեղի ունեցավ մի ուշագրավ միջադեպ: Մենք մեզ ուղեկցող գիդին հարցրեցինք, թե ինչ է Մյուլերի անունը, սակայն նա չգիտեր, իսկ ավելի ուշ հայտնեց, որ նրա անունը հայտնի չէ ոչ ոքի: Մյուլերն այն մարդն է, որ մշակել է այդ բարձունքում ծառեր տնկելու նախագիծը, իսկ մինչեւ այդ բլուրի վրա եղել է միայն ծովափնյա ավազ:



Վերջում մենք այցելեցինք «Танцующий лес» (պարող անտառ): Անտառի այս հատվածը ստացել է «պարող» անվանումը, քանի որ ծառերի ներքեւի հատվածը շրջանաձեւ է: Մինչեւ օրս հստակ հայտնի չէ, թե ինչու են ծառերը ստացել այդպիսի տեսք:
«Պարող անտառից» դուրս գալուց հետո մենք եղանք նաեւ Բալթիկ ծովի լողափներից մեկում, որտեղ կային բազմաթիվ մարդիկ: Ջրի սառնության պատճառով լողանալու «համարձակություն» չունեցանք, սակայն տպավորված էինք այս լողափի անհավանական մաքուր ավազով:
Հեռանալով «Куршская коса» թերակղզուց՝ մենք ուղեւորվեցինք «Սաթի թանգարան» (Музей янтаря), որտեղ տեսանք այդ նյութից պատրաստված բազմաթիվ զարդեր: Թանգարանը գտնվում է մի աշտարակում, որը կառուցվել է 1853 թվականին: Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1979 թվականին: Աշխարհում սաթի ամենամեծ հավաքածուն Ռուսաստանում է, որտեղ կան այս զարդի մոտ 6000 տեսակներ: Ընդհանրապես, աշխարհում գտնվող ամբողջ սաթի 90 տոկոսը մշակվել եւ արտահանվել է Կալինինգրադից:

Կալինիգրադում մեր ուղեւորությունը եզրափակվեց 5-ակի օլիմպիական չեմպիոն, 19-ակի աշխարհի ու 12-ակի Եվրոպայի չեպիոն, ռուս գեղալողորդ Նատալյա Իշչենկոյի հետ: Մասնակիցները հարցեր ուղղեցին կարիերան ավարտած 32-ամյա մարզուհուն, որը Կալինինգրադում աշխարհի առաջնության դեսպանն է: Հանդիպման կազմակերպիչներից էր Կալինինգրադի մարզի «Երիտասարդության կենտրոնի» պետական հաստատության տնօրեն Սուրեն Մանուկյանը, որը նաեւ Կալինինգրադում ԱԱ-2018-ի կամավորների խմբի ղեկավարն է:
Media expedition ծրագրի բոլոր մասնակիցները հիացած էին Կալինինգրադի գեղեցկությամբ ու դիտարժան վայրերով եւ քաղաքից հեռացան հրաշալի տպավորություններով: Իսկ ես ինքս ինձ խոստացա, որ անպայման վերադառնալու եմ այս քաղաք:
Դավիթ Եղիազարյան՝ Կալինինգրադից


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.