Ես մտնում եմ MMA իմ եւ ընտանիքիս բարեկեցիկ ապագան կառուցելու համար, քանի որ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ինձ ոչնչով չօգնեցին եւ չաջակցեցին: Ես շատ եմ ցանկանում նորից ըմբշամարտի մրցագորգ դուրս գալ, Օլիմպիական խաղերում հաղթել, բայց ընտանիքս պետք է ապրի, իսկ այդ հարցում ինձ միայն կօգնի MMA-ը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոստովում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը մայիսի 19-ին իր նորամուտը կնշի խառը մենամարտերում:
Արդեն կայացել է Fight Nights Global-ի կողմից կազմակերպված խառը մենամարտերի Ռոստովում կայանալիք մրցաշարի մարզիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Միհրան Հարությունյանն ու իր մրցակիցը հավասար քաշն ունեն եւ հանդես կգան թեթեւ քաշային կարգում՝ 65.8:
Միհրան, մեկ օրից դուրս կգաս ռինգ: Ի՞նչ տրամադրվածություն ունես:
Լավ տրամադրություն ունեմ, դրական եմ տրամադրված, քանի որ ամեն ինչ նորմալ է, լավ պատրաստվել եմ, նորմալ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ դուրս գալ ռինգ:
Քո նորամուտն է խառը մենամարտերում: Այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիր մտնել MMA:
Սա ինձ համար նոր փորձություն է, ինքնադրսեւորման եւս մեկ ճանապարհ: Շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել այս ընթացքում ինչպես ըմբշամարտի, այնպես էլ մյուս մարզաձեւերի համար: Առհասարակ մարզիկի համար խառը մենամարտերով զբաղվելը շատ օգտակար է, հնարավորություն ես ստանում ուսումնասիրել միանգամից մի քանի մարզաձեւեր:
Առաջին մենամարտիդ պատրաստվեցիր շատ կարճ ժամանակահատվածում: Ի՞նչ մարզումային փուլ ես անցել եւ ովքե՞ր են աշխատել քեզ հետ:
Ամբողջական երկու ամսում եմ պատրաստվել: Մարզումներս կենտրոնացած էին ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Ինձ հետ իսկապես մասնագետներ աշխատեցին: Այս ընթացքում ինձ հետ հետ աշխատեց Ռոմա Քալանթարյանը, ով բացի լավ մարզիչ լինելուց նաեւ հրաշալի ընկեր է: Ինչպես նաեւ իմ մարզիչ Անդրանիկ Էնդի Դերմեջիանը: Անդրանիկը կենտրոնացած էր ռինգում ըմբշամարտի եւ գրեփլինգի վրա, իսկ Ռոմա Քալանթարյանը ձեռքերի աշխատանքի վրա՝ բռնցքամարտ եւ այլն:
Առաջին մրցակիցդ իրանցի Ալի Յուսեֆին է, որն արդեն անցկացրել է 9 մենամարտ (6-3-0): Ինչո՞ւ կանգ առար արդեն փորձ ունեցող եւ որոշակի վարկանիշ ունեցող մարզիկի վրա:
Չեմ ցանկանում թույլ ու հեշտ ճանապարհով գնալ: Ուզում եմ ինձ համար դժվար ու հետաքրքիր, բարդություններով լի ճանապարհով գնալ: Հավատում եմ, որ լավ կստացվի, ինչպես Աստված ցանկանում է, ուրեմն հաստատ հենց այդպես էլ լինելու է: Ես շատ մեծ աշխատանք եմ տարել այս ամիսների ընթացքում հաղթելու համար: Տեսնենք, ինչպես ամեն ինչ կդասավորվի: Յուսեֆին էլ պատահական մարզիկ չէ: Ինձ համար դժվար է լինելու եւ, առհասարակ, ինձ համար դժվար է խառը մենամարտերում:
Կայացավ հայացքների մենամարտը: Ի՞նչ տեսար նրա հայացքում եւ ի՞նչպես կգնահատես Յուսեֆիի հնարավորությունները:
Շատ ուրիշ հայացքով էր նայում, շատ ուժեղ, չեմ կարող նկարագրել: Ալի Յուսեֆին ուժեղ տղա է, լավ է տրամադրված՝ զգացի: Չեմ ցանկանում ինձ թերագնահատել, թուլացնել: Յուսեֆին ուժեղ մարզիկ է եւ արժանի մրցակից:
Որքանո՞վ է կարեւոր քեզ համար այս հաղթանակը: Ցանկանում ես ինքդ քե՞զ ինչ-որ բան ապացուցել, թե՞ ուրիշներին:
Ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու նպատակ չունեմ: Ավելի շատ ինքս ինձ ինչ-որ բան ապացուցելու միտքն է: Այս հաղթանակն այնքանով է կարեւոր, որ ես նոր ձեռքբերում ունենամ, նոր դժվարությունների մեջ ընկնեմ եւ պատվով դրանք հաղթահարեմ: Իրականում ես խառը մենամարտեր եմ մտնում իմ ընտանիքի ապագայի համար, որ ամեն մենամարտից ու հաղթանակից հետո վստահ լինեմ՝ ընտանիքս կայանում է, հանգիստ լինեմ իմ եւ ընտանիքիս վաղվա օրվա բարեկեցության հարցում: Այդ պատճառով վաղվա օրից շատ բան է կախված, վաղվա հաղթանակը շատ կարեւոր է: Դժվար է: Ես էլ եմ անհանգիստ, բայց պետք է անցնեմ սրա միջով:
Չմոռանանք նաեւ, որ դու հունեահռոմեանական ոճի ըմբիշ ես, Օլիմպիական փոխչեմպիոն: Բաց թողեցիր Եվրոպայի առաջնությունը: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Ի՞նչ ծրագրեր ունես աշխարհի առաջնության հետ կապված: Կտեսնե՞նք քեզ կրկին ըմբշամարտի գորգում:
Շատ եմ ցանկանում նորից վերադառնալ ըմբշամարտի գորգ, բայց ֆինանսական հարցեր կան, որոնք ես պետք է լուծեմ: Ես հենց այնպես չեմ մտնում MMA, ես աշխատելու եմ գումարներ: Օրինակ՝ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ինձ ֆինանսական ոչ մի օգնություն չեղավ: Ես անցա բազմաթից վիրահատություններ, որեւէ վիրահատության հարցում ինձ ֆինանսով չօգնեցին, ամեն ինչ արեցի իմ հնարավորություններով: Այսպես չեմ կարող շարունակել՝ ամեն ինչ ինքս, ինքնուրույն... Շատ դժվար է: Իսկ իմ ազգին այստեղ էլ կուրախացնեմ:
Կուզենայի, բայց դա նշանակում է՝ ամեն ինչ թողնել ու նվիրվել միայն ըմբշամարտին: Այդ դեպքում ընտանիքս ինչպես, ինչով պետք է ապրի: Սա շատ դժվար հարց է ինձ համար: Շատ եմ ուզում. Օլիմպիական խաղերում ուզում եմ հաղթեմ, որ իմ անվան կողքին պաշտոնապես գրված լինի օլիմպիական չեմպիոն, որ որեւէ կասկած չլինի իմ չեմպիոն լինելու հարցում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում