19:50  ,  13 մայիսի, 2018

«Արսենալը» հաղթանակով հրաժեշտ տվեց Վենգերին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» Արսեն Վենգերի գլխավորությամբ վերջին խաղում հաղթանակ տարավ: Անգլիական Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»: Միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

Հանդիպումից առաջ ու խաղի ընթացքում 2 թիմերի երկրպագուներն անցկացրին Արսեն Վենգերին աջակցող ակցիացներ: Ստադիոնի վերեւում երկրպագուներն ինքնաթիռի միջոցով ցուցադրեցին պաստառ, որի վրա հետեւյալ գրառումն էր. «Շնորհակալությո՛ւն, Արսեն: Մենք նույնպես կկարոտենք քեզ»:

«Արսենալը» 63 միավորով գրավեց 6-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):

Ֆրանսիացի 68-ամյա մասնագետի գլխավորությամբ անգլիական ակումբն անցկացրել է 1235 հանդիպում, տարել 716 հաղթանակ ու խփել 2298 գոլ:

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր

«Հադերսֆիլդ» - «Արսենալ»՝ 0:1

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 38

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Սեադ Կոլաշինաց (Նաչո Մոնրեալ, 68), Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի,  Ալեքս Իվոբի (Էշլի Մեյթլանդ-Նեյլզ, 72), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Լյակազեթ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Դենի Ուելբեկ, 68):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս