13:12  ,  4 մայիսի, 2018

Արսեն Վենգերն «Արսենալում» աշխատանքն ավարտում է առանց եվրագավաթների տիտղոսի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Արսեն Վենգերն անյպես էլ չկարողացավ անգլիական ակումբի հետ տիտղոս նվաճել եվրագավաթներում:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալին» դուրս թողեց Մադրիդի «Աթլետիկոն», որը պատասխան խաղում հաղթեց նվազագույն հաշվով: Լոնդոնում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:

68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

2005/06թթ. մրցաշրջանում «Արսենալը» դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր կատալոնական «Բարսելոնային»:

Անգլիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Արսենալը» 6-րդ տեղում է եւ կորցրել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը: Այս մրցաշրջանում Արսեն Վենգերի թիմը հաջող հանդես չէր եկել նաեւ Անգլիական լիգայի գավաթում ու Անգլիայի գավաթի խաղարկությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում