19:50 13 մայիսի, 2018Լոնդոնի «Արսենալը» Արսեն Վենգերի գլխավորությամբ վերջին խաղում հաղթանակ տարավ: Անգլիական Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»: Միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:
Հանդիպումից առաջ ու խաղի ընթացքում 2 թիմերի երկրպագուներն անցկացրին Արսեն Վենգերին աջակցող ակցիացներ: Ստադիոնի վերեւում երկրպագուներն ինքնաթիռի միջոցով ցուցադրեցին պաստառ, որի վրա հետեւյալ գրառումն էր. «Շնորհակալությո՛ւն, Արսեն: Մենք նույնպես կկարոտենք քեզ»:

«Արսենալը» 63 միավորով գրավեց 6-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):
Ֆրանսիացի 68-ամյա մասնագետի գլխավորությամբ անգլիական ակումբն անցկացրել է 1235 հանդիպում, տարել 716 հաղթանակ ու խփել 2298 գոլ:
Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր
«Հադերսֆիլդ» - «Արսենալ»՝ 0:1
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 38
«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Սեադ Կոլաշինաց (Նաչո Մոնրեալ, 68), Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի, Ալեքս Իվոբի (Էշլի Մեյթլանդ-Նեյլզ, 72), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Լյակազեթ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Դենի Ուելբեկ, 68):

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.