16:36  ,  10 մայիսի, 2018

«Բանանց»․ Եթե «Շիրակը» չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը կդառնա չափազանց պրոբլեմատիկ

Երեւանի «Բանանցը» հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով պայմանավորված խաղի հետ կապ ունենալու մեջ կասկածվող Գյումրիի «Շիրակի» գործողություններին:

«Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես տեղյակ եք, Հայաստանի առաջնության 27-րդ տուրի «Բանանց» - «Շիրակ» հանդիպումից առաջ, տեղի է ունեցել տգեղ և ֆուտբոլ խաղի արդար սկզբունքներին հակասող միջադեպ:

«Շիրակ» ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարութունյանը փորձ է կատարել խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել «Բանանցի» պաշտպան Էդուարդ Կպոդոյին: 

Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները:  Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասի նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը  պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը  սպորտային արդյունքն է: Չնայած այդ  խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել:

Նաև ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլև այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երևույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից:

«Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա: 

Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին, հարգանքով՝ «Բանանց» ֆուտբոլային ակումբ»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն կայացրել էր որոշում, որի համաձայն՝ Հայաստանի առաջնության առաջատար «Շիրակը» զրկվելու է 12 միավորից եւ տուգանվելու 7 միլիոն դրամ: Դրանից հետո «Շիրակը» հայտնել էր, որ եթե բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառվի սույն որոշումը, ապա «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել Հայաստանի առաջնությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում