15:01  ,  30 ապրիլի, 2018

ԵԱ. Կարապետ Չալյանը, Արթուր Շահինյանն ու Սլավիկ Գալստյանը պարտություն կրեցին

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որի առաջին օրը Հայաստանի հավաքականն ունի 3 ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարապետ Չալյան (77 կգ) եւ Արթուր Շահինյան (87 կգ):

Հայաստանի գործող չեմպիոն Կարապետ Չալյանը չկարողացավ դուրս գալ 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ: Երրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը կողմնակալ մրցավարության պատճառով 3:6 հաշվով պարտվեց շվեդ Ալեքս Բյուրբերգ Կեսիդիսին: Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր իսրայելցի Իգոր Պետրիսնինին: 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ 9:1 հաշվով ուժեղ էր գտնվել ուկրաինացի Միկոլա Դրագանից:

Եթե Ալեքս Բյուրբերգ Կեսիդիսը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Կարապետ Չալյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում շվեդ ըմբիշի մրցակիցը կլինի սերբ Վիկտոր Նեմեշը: Այս քաշային կարգում եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուս Ռոման Վլասովն ու ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւը:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսին 9:0 հաշվով հաղթելուց հետո պարտություն կրեց: 1/8 եզրափակիչում Շահինյանին ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթեց ռուսաստանցի Բեկխան Օզդոեւը: Եթե ռուսաստանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Արթուր Շահինյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ տուշե հնարքով հաղթանակ էր տարել բելառուս Ռախմատսիկխուդո Խայբարաովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Գալստյանը 2:6 հաշվով պարտվեց մոլդովացի Դոնիոր Իսլամովին: Եթե Իսլամովը հասնի եզրափակիչ, Սլավիկ Գալստյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հանդես կգան մայիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում