15:01 30 ապրիլի, 2018Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որի առաջին օրը Հայաստանի հավաքականն ունի 3 ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարապետ Չալյան (77 կգ) եւ Արթուր Շահինյան (87 կգ):
Հայաստանի գործող չեմպիոն Կարապետ Չալյանը չկարողացավ դուրս գալ 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ: Երրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը կողմնակալ մրցավարության պատճառով 3:6 հաշվով պարտվեց շվեդ Ալեքս Բյուրբերգ Կեսիդիսին: Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր իսրայելցի Իգոր Պետրիսնինին: 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ 9:1 հաշվով ուժեղ էր գտնվել ուկրաինացի Միկոլա Դրագանից:
Եթե Ալեքս Բյուրբերգ Կեսիդիսը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Կարապետ Չալյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում շվեդ ըմբիշի մրցակիցը կլինի սերբ Վիկտոր Նեմեշը: Այս քաշային կարգում եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուս Ռոման Վլասովն ու ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւը:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսին 9:0 հաշվով հաղթելուց հետո պարտություն կրեց: 1/8 եզրափակիչում Շահինյանին ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթեց ռուսաստանցի Բեկխան Օզդոեւը: Եթե ռուսաստանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Արթուր Շահինյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ տուշե հնարքով հաղթանակ էր տարել բելառուս Ռախմատսիկխուդո Խայբարաովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Գալստյանը 2:6 հաշվով պարտվեց մոլդովացի Դոնիոր Իսլամովին: Եթե Իսլամովը հասնի եզրափակիչ, Սլավիկ Գալստյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հանդես կգան մայիսի 1-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.