13:34  ,  30 ապրիլի, 2018

ԵԱ. Արթուր Շահինյանը եւ Սլավիկ Գալստյանը հաջող մեկնարկեցին, Կարապետ Չալյանը տարավ 2 հաղթանակ

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ապրիլի 30-ին մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որի առաջին օրը Հայաստանի հավաքականն ունի 3 ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարապետ Չալյան (77 կգ) եւ Արթուր Շահինյան (87 կգ):

Հայաստանի գործող չեմպիոն Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով հաղթեց իսրայելցի Իգոր Պետրիսնինին: 1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ 9:1 հաշվով ուժեղ գտնվեց ուկրաինացի Միկոլա Դրագանից: Գյումրեցի ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի շվեդ Ալեքս Բյուրբերգ Կեսիդիսը:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը եւս մեկնարկեց որակավորման փուլից՝ 9:0 հաշվով հաղթելով իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսին: 1/8 եզրափակիչում Շահինյանի մրցեց ռուսաստանցի Բեկխան Օզդոեւի հետ եւ ժամանակից շուտ պարտվեց 1:9 հաշվով: Եթե ռուսաստանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Արթուր Շահինյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: 

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ տուշե հնարքով հաղթանակ տարավ բելառուս Ռախմատսիկխուդո Խայբարաովի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Գալստյանը կպայքարի մոլդովացի Դոնիոր Իսլամովի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հանդես կգան մայիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում