20:40  ,  20 ապրիլի, 2018

«Արսենալի» սեփականատեր. Վենգերը փոխեց ակումբը եւ ամբողջ անգլիական ֆուտբոլը

Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր գործարար Սթեն Կրոնկեն հարգանքի տուրք է մատուցել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնից հեռանալու մասին։

«Մեր մարզաձեւի համար ամենածանր օրերից մեկն է։ Վենգերի գործունեության պատճառով ենք եկել «Արսենալ»։ Դժվար թե որեւէ մեկը կրկնի նրա մարզչական երկարակեցություն ու կայունությունն այսքան բարձր մակարդակում։

«Արսենալն» ունի անհամեմատելի կարգ, որի համար միշտ երախտապարտ կլինենք Վենգերին։ «Արսենալն» ու ֆուտբոլը սիրողները Վենգերի առջեւ ունեն երախտագիտության պարտք։

Նա իր ֆուտբոլային փիլիսոփայությամբ փոխեց ակումբի եւ ամբողջ անգլիական ֆուտբոլի ինքնանույնականացումը։

Մենք ունենք մեծ հավակնություններ։ Ցանկանում ենք Վենգերի դարաշրջանի հիման վրա կառուցել ապագա եւ արժանին մատուցել նրա ֆուտբոլային փիլիսոփայությանը՝ համոզվելով, որ «Արսենալը» կպայքարի եւ կնվաճի տիտղոսներ։

Մենք պետք է կենտրոնանանք մրցաշրջանի վերջնամասի վրա, որպեսզի արժանապատվորեն այն անցկացնենք։ Մեր ակումբի միլիոնավոր երկրպագուներին խնդրում ենք միանալ մեզ եւ արժանին մատուցել «Արսենալի» եւ ֆուտբոլի պատմության մեծագույն անհատականություններից մեկին»,– Կրոնկեի խոսքը մեջբերում է BBC–ն։

Հիշեցնենք, որ 68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 54 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում