12:20  ,  12 ապրիլի, 2018

Բուֆոնը՝ մրցավարին. Եթե դու չունես այդքան տղամարդկություն, նստիր տրիբունայում

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը: Ավելացված ժամանակում 40-ամյա Բուֆոնը կարմիր քարտ էր ստացել հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերի հետ վիճելու համար, իսկ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից խփել էր մադրիդցիների համար հաղթական գոլն այդ դիմակայությունում:

«Դա նույնիսկ 10 տոկոսով 11 մետրանոց չէր: Ես չգիտեմ, որ մրցավարը տեսավ այդ դրվագը: 93-րդ րոպեին չի կարելի նշանակել կասկածելի 11 մետրանոց, քանի որ առաջին խաղակեսում մեր օգտին պետք է նշանակվեր ակնհայտ 11 մետրանոց:

Թիմը ներդրեց ամբողջ ուժը, եւ մեկ մարդը չի կարող կասկածելի դրվագով հենց այնպես վերցնել ու կոտրել անհավանական «քամբեքի» երազանքը: Դրա համար քո սրտի փոխարեն պետք է լինի աղբաման: Բացի այդ, եթե դու տղամարդկություն չունես դաշտ դուրս գալ այսպիսի խաղում, ապա կնոջդ ու երեխաներիդ հետ նստիր տրիբունայում: Չի կարելի կործանել թիմի երազանքը:

«Ռեալն» արժանի էր 2 խաղերի արդյունքում նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր: Ես հաջողություն եմ մաղթում նրանց: Ինձ համար միշտ պատիվ է խաղալ այդ թիմի դեմ, սակայն մենք նվազագույնն արժանի էինք լրացուցիչ ժամանակում խաղալուն»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ Մադրիդում կայացած պատասխան խաղում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: Ռոնալդուն Իտալիայի չեմպիոնի դարպասը գրավեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասը պաշտպանում էր փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին:

Չեմպիոնների լիգայում Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում