14:23  ,  8 ապրիլի, 2018

Հայաստանի թիմը դարձյալ կպայքարի ոսկե մեդալների համար. Երեւանը կընդունի քունգ-ֆուի Եվրոպայի բաց առաջնությունը (ֆոտո)

Ապրիլի 13-ից 15-ը Երևանում անցկացվելու է քունգ-ֆուի Եվրոպայի բաց առաջնությունը, որը նվիրված կլինի մայրաքաղաքի 2800-ամյակին։ «Միկա» մարզապալատում կհանդիպեն Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից ժամանած մարզիկներ։ Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի քունգ-ֆուի ֆեդերացիան, որի նախագահ Սարգիս Հարությունյանի հետ էլ զրուցել ենք։

Քանի՞ տարվա պատմություն ունի Ձեր ֆեդերացիան:

Հայաստանի քունգ-ֆու ֆեդերացիան հիմնվել է 2013-ին իմ ու իմ ընկերների կողմից՝ հայկական «Սև գոտիներ» միության հիման վրա։ Բայց փաստացի այն գործում է 1992-ից ու այս տարիների ընթացքում մենք մեծ ավանդ ենք ունեցել Հայաստանում ու Արցախում չինական մարտարվեստի զարգացման գործում։ Իսկ IKFF  միջազգային ֆեդերացիան դեռ  երիտասարդ է, ստեղծվել է 2011-ին, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, շաոլինյան մարտարվեստի վարպետ, Չինաստանի մարտարվեստի տասը ժամանակակից լեգենդներից մեկի՝ վարպետ Ֆու Բյաոյի կողմից։ Ֆեդերացիայի հիմնական նպատակն է աշխարհում չինական մարտարվեստի տարածումը։

Աշխարհի ու Եվրոպայի քանի՞ առաջնություն է արդեն անցկացվել IKFF ֆեդերացիայի կողմից:

Քունգ-ֆուի եվրոպական ու միջազգային ֆեդերացիաները անցկացրել են աշխարհի չորս ու Եվրոպայի երկու առաջնություն։ Մեր հավաքականը մասնակցել է Եվրոպայի երկու ու աշխարհի երեք առաջնությունների, մենք միշտ մեդալներով ենք վերադարձել։ Մեր տղաները հրաշալի արդյունքներ ունեն՝ Երևանում, Կապանում, Արցախում մեր մարզիչների աշխատանքի շնորհիվ, որոնք ապահովում են մարզիկների  ոչ միայն ֆիզիկական՝ այլև բարոյական պատրաստվածությունը ։ Մեր մարզիկներն ու մարզիչները ստաժավորում են անցնում Պեկինում՝ Մարտարվեստի շաոլինյան դպրոցում։

Ինչպե՞ս եք նախապատրաստվում Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելուն։ Քանի՞ երկիր է մասնակցելու առաջնությանը ու ինչո՞ւ եք որոշել այն բաց անցկացնել:

Քունգ-ֆուի եվրոպական ֆեդերացիայի ու Միջազգային ֆեդերացիայի որոշումով Եվրոպայի երրորդ բաց առաջնությունը անցկացվելու է Երևանում, «Միկա» մարզադահլիճում։ Մեզ աջակցում ու օգնում է «Սև գոտիների» միջազգային հայկական ակադեմիայի հիմնադիր Կարապետ Քեբաբջյանը։ Ակնկալում ենք, որ  ավելի քան հարյուր մարզիկներ կժամանեն 16 երկրներից։ Մրցումները կանցնեն հինգ տարբեր ոճերով։ Հայաստան են ժամանելու Եվրոպայի, Ռուսաստանի, Վրաստանի ու  այլ երկրների քունգ-ֆու ֆեդերացիաների նախագահները։ Բացումը կկայանա ապրիլի 14-ին,․ ժամը 11-ին։ Բոլորին հրավիրում ենք, մուտքն ազատ է։

Պարույր Սինյավսկի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով