21:32  ,  6 ապրիլի, 2018

Գվարդիոլա. 2 ամիս առաջ Ռայոլան ինձ առաջարկում էր գնել Պոգբային ու Մխիթարյանին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալացի գործակալ Մինո Ռայոլան իրեն առաջարկել է գնել Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Գվարդիոլան մեկնաբանել է Ռայոլայի կոպիտ հայտարարությունը: Ավելի վաղ Մխիթարյանի գործակալը քննադատել էր իսպանացի մասնագետին՝ նրան անվանելով վախկոտ շուն:

«Ռայոլայի շնորհիվ մարդիկ իմացան իմ գաղտնիքները: Հիմա բոլորը գիտեն, որ ես վատ մարդ եմ ու վախկոտ: Սակայն չեմ հասկանում, թե ինչու եմ այդքան վատը: Ես երբեք չեմ շփվել նրա հետ: Հնարավոր է, որ իմ մասին այդ ամենը նրան պատմել է Զլատան Իբրահիմովիչը:

2 ամիս առաջ Ռայոլան ինձ առաջարկում էր գնել Պոգբային ու Մխիթարյանին: Ինչո՞ւ: Ինչո՞ւ նա արեց այդ առաջարկը: Նա ցանկանում էր, որ Պոգբան ու Մխիթարյանը խաղան «Մանչեսթեր Սիթի՞ում»: Ռայոլան պետք է պաշտպանի իր խաղացողներին ու հասկանա, որ մի օր կարող է նրանց բերել իմ պես մարդու՝ շան մոտ: Շան հետ համեմատությունը լավ չէ, դա ճիշտ չէ: Նա պետք է հարգի շներին:

Իմ պատասխանը ոչ էր: Մենք գումար չունենք Պոգբայի համար, նա չափազանց թանկ է:

Ես զարմացա, քանի որ նա ինձ շուն անվանեց: Ես լավ մարդ չեմ: Ռայոլան արժանի է, որ իր խաղացողները հանդես գան լավ մարդկանց թիմերում: Սակայն, միեւնույն ժամանակ, նա գիտի, որ ես թոփ-մարզիչ եմ: Շնորհակալություն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փոխանակել էին Հենրիխ Մխիթարյանին ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: «Արսենալ» տեղափոխվելուց հետո հայ կիսապաշտպանը  մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում