21:08  ,  7 մարտի, 2018

Գատուզո. Վենգերի համեմատ ես մարզիչ չեմ

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նշել է, թե ինչ առավելություններ ունի Լոնդոնի «Արսենալը» իր ղեկավարած թիմի նկատմամբ եւ ինչի հաշվին է փորձելու հաղթել ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Այժմ «Արսենալը» բարդ փուլում է, սակայն պետք չէ մոռանալ, որ թիմում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստներ, եւ Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարում նրանք խփել են 18 գոլ: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին եւ հասկանում ենք, որ դրական արդյունքի համար պետք է հրաշալի խաղ ցուցադրենք:

«Արսենալը» մի շարք առավելություններ ունի: Արսեն Վենգերի համեմատ ես դեռ մարզիչ չեմ: Ես նոր եմ սկսում, իսկ նա աշխատում է արդեն 30 տարի: «Արսենալը» գնդակի հետ աշխատանքում տեխնիկապես շատ պատրաստված է:

Մեր գլխավոր խնդիրն է մրցակցին գնդակից զրկելը: Պետք չէ նաեւ մոռանալ, որ եթե 10 տարի առաջ անգլիական եւ իտալական ակումբային ֆուտբոլը գրեթե նույն մակարդակի էին, հիմա բոլոր ուժեղ խաղացողները ձգտում են տեղափոխվել Անգլիա»,- ասել է Գատուզոն նախախաղային ասուլիսում:

«Միլան» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում