18:55  ,  2 մարտի, 2018

Հայկական ակումբների ձեռքբերումները տրանսֆերային շուկայում

Փետրվարի 28-ին մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը: Նույն օրը Հայաստանում փակվեց նաև ձմեռային տրանսֆերային պատուհանը:

Այս ձմեռ հայկական ակումբերը տրանսֆերային շուկայում բավականին ակտիվ էին: Իսկական տրանսֆերային արշավ էր ձեռնարկել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը». Աբրահամ Խաշմանյանի թիմը համալրվեց միանգամից 13 նոր ֆուտբոլիստներով:

Անդրադառնանք Բարձրագույն խմբի 6 ակումբներին, ինչպես նաև` Առաջին խմբում հանդես եկող «Լոռիի» և «Արցախի» տրանսֆերային քաղաքականությանը` առանձնացնելով նաև առավել նշանակալի տեղափոխությունները:

«Ալաշկերտ». Սերբիայի հավաքականի թեկնածու դարպասապահից մինչեւ Սլովենիայի չեմպիոնի նիգերիացի հարձակվողը

Նախորդ երկու տարիների Հայաստանի չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար «Ալաշկերտն» ամենաակտիվն էր. Ակումբը գրեթե ամեն օր հայտարարում էր նորեկների մասին:

«Ալաշկերտը» ուժեղացրեց դարպասապահի դիրքը` հրավիրելով սերբ Օգնյեն Չանչարևիչին: Ամբողջ կարիերայի ընթացքում Սերբիայի Բարձրագույն խմբի ակումբներում հանդես եկած Չանչարևիչը վերջերս հրավիրվել էր նաև իր երկրի ազգային հավաքական: «Ալաշկերտ» տեղափոխվեց նաև Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանը, ով մրցաշրջանի առաջին կեսում հանդես էր գալիս «Արարատում»: Չմոռանանք, որ թիմում իր ելույթները շարունակում է նաև ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

«Ալաշկերտում» կխաղա Խորվաթիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Դինո Շկվորցը, ով հանդես է եկել մի շարք արտասահմանյան թիմերում, որոնց թվում են ռումինական «Կլուժը» և Մոլդովայի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը»:

Հիշատակման արժանի է նաև Մադրիդի «Ռեալի» նիգերիացի սան Սանի Օմօրեջին: Վերջին շրջանում նիգերիացի հարձակվողը հանդես էր գալիս Սլովենիայի չեմպիոն «Մարիբորի» կազմում:

Թիմի հարձակման գիծն ուժեղացրեց նաև խորվաթ հարձակվող Մարկո Յորդանը, ով հանդես է եկել Խորվաթիայի և Չեխիայի ակումբներում, ինչպես նաև` Իտալիայի Սերիա Բ-ում:

«Ալաշկերտը» վարձակալեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող ակումբների երեք երիտասարդ ռուսաստանցի ֆուտբոլիստների: Եզրային պաշտպան Ռուստամ Վազիտդինովը Պերմի «Ամկարի» երկրորդ թիմի ավագն էր, իսկ «Ուրալի» կիսապաշտպաններ Սերգեյ Սերչենկովն ու Ալեքսանդր Շչերբակովը խաղացել են նաև Եկատերինբուրգի ակումբի գլխավոր թիմում, ներկայացրել են Ռուսաստանի պատանեկան հավաքականները:

«Ալաշկերտը» երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ և պայմանագրեր ստորագրեց վերջին շրջանում Կիպրոսի առաջնությունում հանդես եկող` ազգային թիմի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի հետ: Պայմանագիր ստորագրվեց նաև երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանի հետ, ով իր կրտսեր եղբայր Արսենի հետ մրցաշրջանի առաջին կեսում խաղում էր «Արարատում»:

«Ալաշկերտի» վերջին նորեկը ռուս աջ պաշտպան Կոնստանտին Մորոզովն էր, ով նախկինում արդեն հանդես է եկել Հայաստանում. 2014/2015 մրցաշրջանում նա խաղում էր Երևանի «Ուլիսում»` դառնալով Հայաստանի փոխչեմպիոն: Հետագայում Մորոզովը հանդես է եկել ռուսական «Արմավիրում», «Ենիսեյում» և «Սոչիում»: Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում ռուս ֆուտբոլիստը պաշտպանում էր Մոսկվայի «Արարատի» գույները:

 «Գանձասար-Կապան». «Շտուտգարտի» սանը եւ Կամերունի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը

«Գանձասար-Կապանի» առաջին տրանսֆերը Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, հարձակվող Վարդան Պողոսյանն էր, ով վերջին շրջանում հանդես էր գալիս Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիի» կազմում:

Այնուհետև կապանյան ակումբը հայտարարեց երիտասարդ ֆուտբոլիստներ Դավիթ Տերտերյանի («Փյունիկ»), Մարտին Գրիգորյանի («Բանանց») և Վահե Միրաքյանի («Արցախ») հետ պայմանագրեր ստորագրելու մասին:

Կիպրոսում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանի» կազմը համալրեցին նաև երեք արտասահմանցի ֆուտբոլիստներ:

Երիտասարդ բոսնիացի կիսապաշտպան Հարուն Վելիչը Գերմանիայի «Շտուտգարի» սան է, ներկայացրել է Բոսնիայի և Հերցեգովինայի պատանեկան հավաքականները:

Կամերունցի կիսապաշտպան Դավիդ Վիրիկոմը խաղացել է մի քանի իրանական ակումբներում, հանդես է եկել Կամերունի երիտասարդական հավաքականում:

Իվուարցի հարձակվող Իսիակա Բամբան հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմուի» երկրորդ թիմում, իսկ «Գանձասար-Կապան» է տեղափոխվել ֆրանսիական «Օռլեանից»:

«Բանանցն» ապավինեց «տեղացի» լեգեոնականներին

Առաջնության առաջին կեսը երրորդ տեղում ավարտած «Բանանցը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրվեց 3 արտասահմանցի ֆուտբոլիստներով: Երեքից երկուսը Հայաստանում խաղալու փորձ ունեն:

Ռուսական «Շիննիկում» և «Խիմկիում» հանդես եկած գանացի պաշտպան Էդուարդ Կպոդոն Հայաստանում խաղացել է «Ուլիսում», «Գանձասար-Կապանում», իսկ մրցաշրջանի առաջին հատվածում ներկայացնում էր «Շիրակը»:

Սլովակիայի «Սլովանի» ու Տրինիդադ և Տոբագոյի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լեստեր Պելտիերը 1.5 տարվա ընթացքում հանդես էր գալիս «Ալաշկերտում»:

«Բանանցի» երրորդ նորեկը երիտասարդ բրազիլացի հարձակվող Ֆագներ Սանթոսն է, ով հանդես է եկել տեղի «Կոլորադո Աթլետիկո» թիմում:

«Շիրակ». Թիմի նախկին ֆուտբոլիստները վերադառնում են

Թիմ վերադարձան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, ով վերջին տարիներին հանդես էր գալիս Թեհրանի «Էսթեղլալում», ինչպես նաև բարձրահասակ սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը, ով նախորդ մրցաշրջանի վերջնամասում «Շիրակից» հեռանալուց հետո խաղում էր Սերբիայի «Պրոլետերում»:

Գյումրիի ակումբը պայմանագիր ստորագրեց «Բանանցի» երիտասարդ ֆուտբոլիստներ Ժիրայր Մարգարյանի և Ռաֆիկ Միսակյանի հետ:

«Շիրակ» վերադարձավ նաև ակումբի սան, վերջին շրջանում Մոնղոլիայի «Դերեն» թիմում խաղացած հարձակվող Դավիթ Ղանդիլյանը:

Տեղեկություն կա, որ «Շիրակ» կարող է վերադառնալ նաև թիմի նախկին կոտդիվուարցի կիսապաշտպան Լամին Լի Յորոն, ով «Շիրակից» հեռանալուց հետո հանդես է եկել պորտուգալական «Բոավիշտայում» և ֆինական «Իլվեսում»: Տրանսֆերի մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին:

«Փյունիկը» հայացքն ուղղեց դեպի Աֆրիկա 

Երևանի «Փյունիկը» պայմանագրեր ստորագրեց 4 օտարերկրացի ֆուտբոլիստների հետ, որոնցից 3-ը ներկայացնում են Աֆրիկան:

Եզրային պաշտպան Բակար Բալդեն պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել Պորտուգալիայում, Լեհաստանում և Սերբիայում: Գվինեա Բիսաուի ազգային հավաքականի ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական «Սամտրեդիան» էր:

Կիսապաշտպան Մարշալ Ջոնսոնը խաղացել է Բելգիայում, Հունգարիայում, Սլովենիայում, ԱՄԷ-ում: Նիգերիացու նախորդ ակումբը իսրայելական «Հապոել Աֆուլա»-ն էր:

Կոտ դ'Իվուարի պատանեկան հավաքականների նախկին ենթահարձակվող Դրիսա Դիարասուբան 2014-2016 թթ. հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», իսկ հետագայում խաղացել է Իրանի Բարձրագույն խմբի «Փադիդե» թիմում:

«Փյունիկի» կազմը համալրել է նաև երիտասարդ ռուս կիսապաշտպան Մարատ Բուրաևը, ով խաղացել է Վլադիկավկազի «Սպարտակում» և «Սևաստոպոլում»:

«ԱՐԱՐԱՏ». ՕԲՐԱԴՈՎԻՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ՈՒ 3 ԱԼԱՇԿԵՐՏՑԻՆԵՐԸ

Առաջնության հետնապահ «Արարատը» իր շարքերը համալրեց 4 ֆուտբոլիստներով, իսկ տրանսֆերային պատուհանի վերջին օրը հայտարարեց «Ալաշկերտի» հետ այս ձմեռ պայմանագրեր ստորագրած 3 ֆուտբոլիստներին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու մասին:

«Ալաշկերտից» «Արարատ» տեղափոխվեցին Մոնտենեգրոն ներկայացնող դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը, ով հանդես է եկել Բոսնիայում, Ալբանիայում և Կիպրոսում, ինչպես նաև 2 բրազիլացիներ. Հենակետային կիսապաշտպան Օդաիլսոնը հանդես էր գալիս հայրենիքում, իսկ ձախ պաշտպան Ալան Պիրեսը վերջին երկու մրցաշրջանների ընթացքում խաղում էր Բելգիայի «Տյուբիզում»:

«Արարատ» վերադարձավ փորձառու սերբ պաշտպան Գորան Օբրադովիչը, ով Հայաստանում հանդես է եկել նաև «Գանձասարում», «Ալաշկերտում» և «Միկայում»: Հայաստանի առաջնությունից հեռանալուց հետո Օբրադովիչը խաղաց Լաոսում և Լիբանանում, իսկ նրա նախորդ թիմը Սերբիայի «Բորչան» էր:

Ակումբը պայմանագիր ստորագրեց մակեդոնական ծագումով երիտասարդ ավստրալացի կիսապաշտպան Էնտոնի Տրայկովսկու հետ, ով խաղացել է հոլանդական «Էմմենի» երիտասարդական թիմում:

«Արարատ» են տեղափոխվել նաև երկու հայ ֆուտբոլիստներ` վերջին շրջանում Լիբանանում հանդես եկած երևանյան թիմի նախկին կիսապաշտպան Գևորգ Օհանյանը, ինչպես նաև` Օրբելի Համբարձումյանը` «Բանանցից»:

ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ էին նաև Առաջին խմբի առաջնության առաջատարներ «Լոռին» ու «Արցախը»:

«ԼՈՌԻ». ԽԱՉԱՏՈՒՐՈՎՆ ՈՒ ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ

Վանաձորը ներկայացնող ակումբը պայմանագիր ստորագրեց  մոլդովական մի շարք ակումբներում` այդ թվում նաև Տիրասպոլի «Շերիֆում» հանդես եկած, Մոլդովայի երիտասարդական հավաքականի նախկին ավագ, հետագայում ֆուտբոլային քաղաքացիությունը փոխած և Հայաստանի ազգային հավաքական հրավիրված պաշտպան Արտյոմ Խաչատուրովի հետ:

Ակումբի որդեգրած քաղաքականության համաձայն, «Լոռին» համալրվեց նաև աֆրիկացի ֆուտբոլիստներով. Պայմանագրեր ստորագրվեցին նիգերիացի Ուգոչուկվու Իվուի և գանացի Իբրահիմ Ֆուսեինիի հետ:

«Լոռի» տեղափոխվեց «Միկայի», «Բանանցի», «Արարատի», «Գանձասար-Կապանի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արեգ Ազատյանը, երիտասարդ Ստեփան Հարությունյանը («Բանանց»), ինչպես նաև ուկրաինական «Ստալի» երիտասարդական թիմում հանդես եկած` գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի որդին` Արամ Ադամյանը:

Այսօր «Լոռին» հայտարարեց Նիգերիայի պատանեկան հավաքականների վինգեր Իսահ Ալիյուի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

«ԱՐՑԱԽ». ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՄԵՐԺԱԾ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ԵՎ ՍԵՐԲԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԱՐՁԱԿՎՈՂԸ

Առաջին խմբի մյուս «ակտիվիստը» «Արցախն» էր, որն այս ձմեռ համալրվեց մի շարք հեռանկարային և փորձառու ֆուտբոլիստներով:

Թիմի կազմը համալրեցին ռուսաստանցիներ Սամուր Ագամագոմեդովը, Եգոր Շունինը, Դմիտրի Դուշինը, Մուսլիմ Բամաթգերեևը, Ռամազան Իսաևը, ուկրաինացի Միխաիլ Բաբին:

Մոսկվայի «Նիկայից» տեղափոխված երիտասարդ և հեռանկարային դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը ժամանակին մերժել է Ադրբեջանի երիտասարդական հավաքականին, իսկ նախապատրաստական փուլի ստուգողական հանդիպումների ընթացքում իրեն բավականին լավ է դրսևորել:

Երիտասարդ հարձակվող Ռամազան Իսաևը հանդես է եկել Արմավիրի «Տորպեդոյում», Բելառուսը ներկայացնող Բրեստի «Դինամոյում» և Սերբիայի «Ռադնիչկի» թիմում:

«Բանանցից» «Արցախ» են տեղափոխվել երիտասարդական հավաքականի անդամներ Հակոբ Համբարձումյանը և Էմիլ Եղիազարյանը, ինչպես նաև` Աղավարդ Պետրոսյանը և Էրիկ Մելիքսեթյանը:

«Արցախի» կազմը համալրեցին նաև Համլետ Ասոյանը («Հոմենթմեն», Լիբանան), Էրիկ Նազարյանը («Արարատ»), Ռաֆայել Ղազարյանը, Վալտեր Պողոսյանը, Դավիթ Ասատրյանը (երեքն էլ` «Գանձասար-Կապան»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում