Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել սփյուռքահայ մարզիչ Քրիս Ղուկասը: Նա ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին Եգիպտոսում, աշխատել է մի շարք հունական ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս» , «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե»: 2015-2017 թվականներին գլխավորել է ավստրիական «Օբերվարտ» ակումբը, իսկ 2017-ից «ՈւՍԿ Պրահա» ակումբի գլխավոր մարզիչն է:
«Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ իմ հայրենիքում, դա իմ վաղեմի երազանքներից մեկն էր» - ՀԲՖ մամլո քարտուղարությանն ասել է Քրիս Ղուկասը:
«Քրիս Ղուկասը բարձրակարգ մասնագետ է եւ հաջողությամբ աշխատել է Հունաստանում, Ավսրիայում եւ Չեխիայում: Նրա թեկնածությունը ֆեդերացիան վաղուց էր քննարկում տարբեր տարիքային հավաքականների մարզիչի պաշտոնում: Հաջողություն եմ մաղթում Քրիս Ղուկասին, այս պատասխանատու գործում»,- ասել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2018թ. Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարին: Հուլիսի 13-22-ը կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է C ենթախմբում՝ Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Հոլանդիայի, Ռուսաստանի եւ Չեխիայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում