12:57  ,  22 փետրվարի, 2018

Մոուրինյո․ Բոլորը հարցնում են Պոգբայից, իսկ պետք է հարցնել Մաքթոմինայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իսպանական «Սեւիլիայի» հետ գոլազուրկ ոչ ոքին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Բարդ դիմակայություն է։ Կարծում եմ՝ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնը կարոտում է եվրոպական խաղերը։ Նախորդ մրցաշրջանում այնտեղ անցկացվում էին Եվրոպայի լիգայի խաղեր, սակայն դա այլ մակարդակի մրցաշար է։

Խաղից առաջ բոլորն ինձ հարցնում էին Պոլ Պոգբայի մասին, սակայն պետք է հարցնեին Սքոթ Մաքթոմինայի մասին։ Նա հրաշալի է։ Այս խաղում նա ամեն բան ճիշտ կատարեց։ Հրաշալի խաղ էր Սքոթի համար։

Իմ ընտրած կիսապաշտպանությունը հրաշալի սկսեց խաղը, իսկ հետո խաղի մեջ մտավ Պոգբան, որը եւս կարողացավ ցույց տալ լավ հանդիպում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ВВС-ն։

Հիշեցնենք, որ Սեւիլիայում կայացած խաղում ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան 17-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած Անդեր Էրերային։ Պատասխան հանդիպումը կանցկացվի մարտի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում