01:53  ,  6 փետրվարի, 2018

«Չելսին» պարտվեց՝ 3 գոլ բաց թողնելով վերջին 7 րոպեում

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» եւ պարտություն կրեց 1:4 հաշվով:

Արդեն 30-րդ րոպեին «Չելսին» մնաց 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոն:

43-րդ րոպեին «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները «Ուոթֆորդի» իսպանացի հարձակվող Ժերար Դեուլոֆեուի նկատմամբ եւ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց անգլիացի հարձակվող Տրոյ Դինին:

64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Լոնդոնի «Արսենալից» տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը նորամուտը նշեց «Չելսիում»:

82-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը: Սակայն արդեն հաջորդ գրոհի ժամանակ դաշտի տերերի հոլանդացի պաշտպան Դարիլ Յանմատը դարձյալ առաջ մղեց «Ութֆորդին»: 88-րդ րոպեին գեղեցիկ անհատական անցումից հետո աչքի ընկավ նաեւ Դեուլոֆեուն: Ավելացված առաջին րոպեին էլ հաշիվը 4:1 դարձրեց փոխարինման դուրս եկած արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան:

«Չելսին» 50 միավորով չորրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է «Լիվերպուլից», 1 միավոր առաջ է «Տոտենհեմից»: «Ուոթֆորդը» 30 միավորով 11-րդն է:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Չելսի»՝ 4:1

Տրոյ Դինի, 42, 11մ, Դարիլ Յանմատ, 84 , Ժերար Դեուլոֆեու, 88, Ռոբերտո Պերեյրա, 90+1 - Էդեն Ազար, 82

Հեռացում՝ Տիեմուե Բակայոկո («Չելսի»), 30, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում