23:58  ,  3 փետրվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Իսկապես հավանում եմ «Արսենալի» խաղաոճը եւ հույս ունեմ ցուցադրել իմ առավելագույնը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմում առաջին անգամ ընդգրկվելուց եւ երեք գոլային փոխանցում կատարելուց հետո մեկնաբանել է Լիվերպուլի «Էվերտոնի» նկատմամբ  5:1 հաշվով հաղթանակը Անգլիայի առաջնության 26-րդ տուրում:

«Ես շատ երջանիկ եմ: Վաստակած հաղթանակ էր, որին մենք արժանի էինք: Մենք պետք է նույնը անենք նաեւ հետագայում, որպեսզի հաղթանակի հասնենք նաեւ հաջորդ խաղում եւ մտածենք ավելի շատ միավորներ վաստակելու մասին:

Մենք խաղացինք շատ լավ հարձակողական ֆուտբոլ: Երկրորդ խաղակեսը ավելի բարդ էր: Այդքան էլ կենտրոնացած չէինք: Ես իսկապես հավանում եմ «Արսենալի» խաղաոճը եւ հույս ունեմ ցուցադրել իմ առավելագույնը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football on BT Sport‏-ը:

«Իմ առաջին հեթ-տրիկն էր կարիերայիս ընթացքում: Բայց պետք է արժանին մատուցել ամբողջ թիմին: Մենք լավ տեսք ունեինք առաջին խաղակեսում, որի ընթացքում էլ ապահովեցինք հաղթանակը»,- ասել է ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին:

«Ուրախ եմ գոլ խփել «Արսենալում» իմ հենց առաջին խաղում: Մենք լավ անցկացրինք առաջին կեսը: Երկրորդն այլ ստացվեց: Բայց մենք ուրախ ենք հաղթել»,- նշել է Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի փոխանցումից հետո «էվերտոնի» դեմ խաղում նորամուտի գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով