17:08  ,  30 հունվարի, 2018

Լեւոն Ջուլֆալակյան. Կարապետ Չալյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը Կիեւում կորոշեն, թե ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփել է Հայաստանի առաջնությունը, որն անցկացվել էր նոր քաշային կարգերով: Օլիմպիական չեմպիոնը պատմել է, որ գոհ չի մնացել երկրպագուների վարքից ու մրցավարությունից:

«Դուք էլ ձեր աչքով տեսաք ամբողջը: Ես դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության եւ  գոտեմարտում էինք իրենց ըմբիշների դեմ: Համենայնդեպս, ներկաները չպետք է իրենց այդպես պահեին այն մարզիկների նկատմամբ, ովքեր իրենց հաղթանակներով տարիներ շարունակ Հայաստանին մեծ պատիվ են բերել: Մի բան պարզ է. դահլիճում կային անկիրթ, իրենցից ոչինչ չներկայացնող հանդիսականներ, պարզապես՝ ոչնչություններ: 

Անցած տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է: 2017 թվականին մասնակցում էին 68 մարզիկ, այս տարի՝ 85: Անգամ այս դեպքում եմ ես դժգոհ: Մեր առաջնությունում ես ցանկանում եմ տեսնել 140-150 մասնակից, բայց որակով, այլ ոչ թե՝ պարզապես մասնակից: Ինձ շատ է մտահոգում որակը: Միշտ էլ եղել են թերություններ, որոնք աշխատանքի շնորհիվ շտկվել են: Երկար տարիներ է գլխավորում եմ հավաքականը եւ ամեն տարի հաջողվել է մեդալներ նվաճել, սակայն մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ հավաքականում աշխատել ավելի լավ պատրաստված, բարձրակարգ ըմբիշների հետ:

Հավաքականում նոր անուններ, բնականաբար, կլինեն, քանի որ նոր քաշային կարգեր են ավելացել: Փորձարկվելու են Հայաստանի առաջնությունում հաղթած մարզիկները: Աչքի ընկած ըմբիշներ կան, բայց, կրկնում եմ, որակը  ինձ չի գոհացնում: Հավաքներն ու միջազգային մրցումները ցույց կտան: 

Ընդհանուր առաջնության մրցավարությունն ինձ չգոհացրեց: Սակայն ես ինձ թույլ չտվեցի խառնվել նրանց գործողություններին: Մեզ մոտ ընդունված կարգ կա, եւ այն ուժի մեջ է. եթե մի քաշային կարգում որակներով իրար հավասար կամ իրար մոտ ըմբիշներ կան, նրանք փորձարկումներ են անցնում նաեւ միջազգային գորգում:

Փորձը ցույց է տալիս, որ շատ ըմբիշներ, որոնք հաղթում են ներքին առաջնությունում, միջազգային գորգում իրենց դրսեւորել չեն կարողանում: Արսեն Ջուլֆալակյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կայացած ըմբիշ է: Կարապետ Չալյանը երիտասարդ, խոստումնալից ըմբիշ է, սակայն մեծահասակների առաջնություններում դեռ միայն մեկ բրոնզե մեդալ ունի եւ մի շարք սայթաքումներ: Կոնկրետ այս քաշային կարգում Կիեւի միջազգային մրցաշարին կմասնակցեն երկու ըմբիշներն էլ: Այնտեղ կլինեն անկախ մրցավարներ, անկախ հանդիսատես եւ կորոշվի ուժեղագույնը, ով էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում հունվարի 28-ին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունն անցկացվել էր նոր քաշային կարգերով ու կանոններով, այսինքն՝ կշռման արարողություն եւ մրցում նույն օրը: Հայաստանի չեմպիոն դարձան Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ) աշխարհի 2016թ. չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) եւ Էդգար Խաչատրյան (130 կգ):

Լարված պայքարում էր անցել 77 կգ քաշային կարգի եզրափակիչը, որում հանդիպել էին Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու գյումրեցի Կարապետ Չալյանը: Հաղթողի կոչումը նվաճեց 2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը, որը հաղթական միավորը վաստակեց վերջին վայրկյաններին` 5:3: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում