12:30  ,  26 հունվարի, 2018

Արթուր Պետրոսյան. Լավ է, որ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ»:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Հենրիխը խնդիրներ ուներ մարզիչի հետ: «Արսենալում» ամեն բան այլ կլինի եւ նրա վրա չի լինի այդպիսի ճնշում:

Լավ է, որ Մխիթարյանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»: Ինձ դուր չէր գալիս, որ Ժոզե Մոուրինյոն խաղաժամանակ չէր տրամադրում նրան, սակայն դա մարզիչի թիմն է եւ նա գիտի, թե ինչ է ցանկանում: Ինձ համար տխուր էր, որ Մխիթարյանը չէր խաղում վերջին հանդիպումներում:

Մենք շատ ուրախ ենք նրա տրանսֆերից «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալին» նրա խաղաոճն ավելի է համապատասխանում»,- Արթուր Պետրոսյանի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Արթուր Պետրոսյանը 1996 թվականին մոտ է եղել Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն  տրանսֆերը տեղի չի ունեցել հայկական կողմի ֆինանսական մեծ պահանջների պատճառով:

Հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել է 7 համարի մարզաշապիկը

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում