20:22  ,  24 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատների նամակը՝ Հենրիխ Մխիթարյանին. Քո գոլը օգնեց մեզ վերադառնալ Չեմպիոնների լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները նամակ են գրել մանչեսթերյան ակումբից Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը նամակը հրապարակել է Ինստագրամում եւ շնորհակալություն հայտնել:

«Թանկագին Հենրիխ, շատ ժամանակ պահանջվեց խոսքերով զգացմունքներս հայտնելու համար: Այս նամակը «Յունայթեդի» բոլոր երկրպագուների անունից է: Քո տրանսֆերի շուրջ խոսակցությունները շատ էին: Բայց մենք ակումբի կամ մարզիչի որոշումները քննադատելու համար չենք: Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք մեր սերը: Գրում ենք այս նամակը, քանի որ հասկանում ենք, որ դու պետք է այլ կերպ հեռանայիր ակումբից: Մենք չենք ցանկանում, որ մտածես, թե ակումբի բոլոր երկրպագուները ցանկանում էին քո հեռանալը: Երկրպագուները գիտեն՝ ինչպես աջակցեն ֆուտբոլիստներին:

Իհարկե, ֆուտբոլը երբեմն անխնա է, իսկ իրերը դասավորվում են ոչ այնպես, ինչպես կարելի էր սպասել: Բայց մենք երբեք չենք մոռանա այն ժամանակը, որը դու անցկացրիր «Մանչեսթեր Յունայթեդում»: Մենք երբեք չենք մոռանա, թե ինչպես դու մեզ փրկեցիր Եվրոպայի լիգայում: Քո գոլը օգնեց մեզ վերադառնալ Չեմպիոնների լիգա: Մենք շնորհակալ ենք քեզ այդ ամենի համար: Չի կարելի չհիշատակել նաեւ քո «կարիճ» հարվածով գոլը «Սանդերլենդի» դարպասը:

Իմացիր, որ դու տաղանդավոր ֆուտբոլիստ ես ոսկե սրտով եւ շատ որակներով: Մաղթում ենք քեզ հաջողություն «Արսենալում» եւ լավագույնը՝ ապագայում: Երբեք մի մոռացիր, թե դու ով ես»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում