23:27  ,  5 հունվարի, 2018

«Բորուսիայի» ղեկավարները հանդիպել են Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու վերաբերյալ աշխատանքները:

Ruhr Nachrichten-ի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարներն արդեն հանդիպել են Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ եւ վարել բանակցություններ:

Տրանսֆերին կարող է խոչընդոտել Մխիթարյանի բարձր աշխատավարձը: «Բորուսիան» չի կարող կիսապաշտպանին վճարել տարեկան 12.5 միլիոն եվրո, որը նա այժմ ստանում է անգլիական ակումբում: Բացի այդ, գերմանացիներին չի գոհացնում Հենրիխ Մխիթարյանի բարձր տրանսֆերային գինը:

Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն նշել էր, որ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը քիչ հավանական է: Բրիտանական մամուլի համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմյեր լիգան:

«Բորուսիայի» կազմում հայ ֆուտբոլիստը 2013-2016-ն անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով