23:21  ,  1 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդն» ընդհատեց առանց հաղթանակների շարքը

Անգլիական Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսում «Էվերտոնն» ավելի լավ տեսք ուներ, սակայն չկարողացավ գոլ խփել: Ընդմիջումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ նկատելի առավելություն, որը գոլի վերածեց 57-րդ րոպեին: Գեղեցիկ գոլով հաշիվը բացեց ֆրանսիացի Անտոնի Մարտիալը, որը հանդես էր գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Գոլից հետո հյուրերը նվազեցրին ճնշումը: «Էվերտոնի» սակավաթիվ գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնամասում խփեց նաեւ երկրորդ գոլը: 81-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը: 2 գոլերի փոխանցումներն էլ կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան:

Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի փոխարինողների թվում, սակայն խաղալու հնարավորություն չստացավ:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած Լոնդոնի «Չելսիին» եւ 47 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:

Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» չէր հաղթել նախորդ 4 խաղերում: Մանչեսթերցիները ոչ ոքի էին ավարտել Պրեմյեր լիգայի նախորդ 3 տուրերի խաղերը, իսկ դրանից առաջ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում պարտվել էին Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիին»:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2

Անտոնի Մարտիալ, 57, Ջեսի Լինգարդ, 81

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Վիկտոր Լինդելյոֆ, Ֆիլ Ջոնս, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Խուան Մատա (Ակսել Տուանզեբե, 90+2), Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ (Դեյլի Բլինդ, 88), Անտոնի Մարտիալ (Մարկուս Ռեշֆորդ, 77):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով