10:05  ,  2 հունվարի, 2018

Հոգեբանական բլից Արթուր Ալեքսանյանի հետ. Եթե որոշեց, որ մածունը սեւ է, մինչեւ վերջ իր կարծիքը կպնդի

Մարզիկներին ամբողջ տարվա ընթացքում տեսնում ենք մրցասպարեզներում եւ մարզադահլիճներում, մարզումային գործընթացների ժամանակ, իսկ թե ինչպիսին են  մարզիկներն իրականում, ինչպիսին են մարզադահլիճից դուրս, ինչ նախասիրություններ ունեն, գիտեն քչերը:

NEWS.am Sportփորձել է բացահայտել հայ մարզիկների բնավորության գծերը, նախասիրությունները այլ տեսանկյունից, հոգեբանական բլից հարցումների շնորհիվ:

Վերլուծությունը NEWS.am Sport-ի համար ներկայացնում է «Գոյ» կենտրոնի հոգեբան Հասմիկ Հակոբյանը:

Այս հրապարակումների շարքի առաջին հերոսը օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանն է:

Գիշե՞ր, թե՞ ցերեկ:

Գիշեր:

Տարվա եղանակների՞ց:

Աշուն:

Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ

Պասիվ հանգիստ:

Ծովա՞փ, պիկնի՞կ, արշա՞վ, թե՞

Միանշանակ ծովափ:

Հեռուստատեսությու՞ն, թե՞ ինտերնետ:

Հեռուստատեսություն:

Գիրքը էլետրոնայի՞ն, թե՞ իրական:

Իրական:

«Ну погоди՞», թե՞ «Tom and Jerry»:

Փոքր տարիքում երկու մուլտերն էլ շատ էի սիրում եւ երկուսն էլ դիտում էի: Հիմա չեմ կարող առանձնացնել:

Պուտի՞ն, թե՞ Թրամփ:

Պուտին:

Թե՞յ, թե՞ սուրճ:

Թեյ:

Տա՞ք, թե՞ սառը:

Տաք:

Սուրճը քա՞ղցր, թե՞ դառը:

Սուրճ առհասարակ չեմ խմում, բայց երեւի քաղցր:

Շոկոլադը սե՞ւ, թե՞ սպիտակ:

Սեւ:

Լոլի՞կ, թե՞ վարունգ:

Լոլիկ:

Դդո՞ւմ, թե՞ ձմերուկ

Ձմերուկ:

Սե՞ւ, թե՞ սպիտակ:

Սեւ:

Կլո՞ր, եռանկյունի՞, թե՞ քառակուսի:

Կլոր

Նվեր տա՞լ, թե՞ ստանալ:

Սիրում եմ եւ տալ եւ ստանալ:

Սիրե՞լ, թե՞ սիրվել:

Երկուսն էլ:

Մոռանա՞լ, թե՞ ներել:

Ներել:

Ձմեռ պապ կա՞, թե՞ չկա:

Փոքր ժամանակ հավատացել եմ, որ կա: Թող լինի…

Հոգեբանի վերլուծություն

Արթուր Ալեքսանյանն առաջին հայացքից համագործակցող տեսակ է, չի վախենում կյանքում նոր փորձարկումներից, սակայն զգուշավոր է: Հաղորդակցվող է, բնավորությունը`հանգիստ, բայց երբեմն լռությունը կոտրում է պոռթկումով, ինչը կարող է հանգեցնել սկանդալի: Ներողամիտ է: Հակված է հավատալ մարդկանց, բայց ինտուիցիայով կարող է արագ բացահայտել կեղծիքը: Էմպատիկ է (ապրումակցող), ինչը խանգարում է ղեկավարել այն բիզնեսները, որոնք մարդկային գործոնի հետ են կապված: Ավելի շատ կենտրոնանում է խնդրի սուբյեկտիվ գործոնների վրա (արժեք, գնահատական, զգացողություն), քան բուն խնդրի էության վրա:

Արթուր Ալեքսանյանի պատասխանները վկայում են լսելու մեծ ունակություն մասին. նա նույնիսկ կարող էր լավ հոգեբան լինել: Չի սիրում գնալ ավելորդ ռիսկի: Արտաքուստ մեր օլիմպիական չեմպիոնը գուցե սառը անձնավորություն է երեւում, բայց իրականում ջերմություն սիրող եւ տվող մարդ է: Սիրում է գտնվել ուշադրություն կենտրոնում: Պահպանողական տեսակ է, նորամուծություններից աշխատում է հեռու մնալ:

Միստիկ մտածողություն ունի, նախանշաններին հավատալու հակվածություն: Ռոմանտիկ է: Դեմ չէ սիրախաղերին: Բայց քանի որ ունի կայուն արժեքային համակարգ, ապա, սիրելու դեպքում, հավատարիմ կլինի իր ընտանիքին: Շեշտադրված բնավորություն ունի. մի քիչ «չոր կող»: Իրականում զիջող է, բայց եթե որոշեց, որ օրինակ մածունը սեւ է, մինչեւ վերջ իր կարծիքը կպնդի:

Հ.Գ.

Արթուր Ալեքսանյանը ծանոթացել է եւ համաձայն է իր բնութագրի հետ, բացի ռոմանտիկ լինելու ենթադրությունից:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով