16:26  ,  30 հուլիսի, 2012

«Հունգարոռինգի» հերոսները

Լյուիս Հեմիլթոնը Հունգարիայում հաղթում է 3-րդ անգամ՝ վերջին անգամ հաղթել էր 2009-ին աշխարհի չեմպիոնի կարգավիճակում։ «Ես 7-րդ երկնքում եմ»,- հաղթանակից հետո հայտարարեց Հեմիլթոնը։  «Հունգարոռինգում» ամեն ինչ որոշեց տակտիկան եւ հենց տակտիկան որակավորման 5-րդ տեղից 2-րդ հորիզոնական բերեց «լոտուսցի» աշխարհի նախկին չեմպիոն Կիմի Ռայկոնենին, որն, ի տարբերություն հաղթողի, պատվո հարթակ էր բարձրացել այնպիսի դեմքով, ասես պայքարից դուրս էր մնացել։ Չնայած Հեմիլթոնի հաղթանակին, Ռայկոնենն անկասկած «Հունգարոռինգի» հերոսն է։

Ի՞նչ տեղի ունեցավ մեկնարկին։ Նախ՝ մեկնարկային 70 շրջանը դարձավ 69-ը։ Արշավորդները հարկադրված երկու տաքացնող շրջան անցան հենց մրցուղում մեկնարկից վայրկյաններ առաջ Միխայել Շումախերի խափանված «Մերսեդես» պատճառով։ Քանի որ բոլիդներն այլեւս չեն լիցքավորվում, հավելյալ տաքացնող շրջանը նրանցից խլեց մի քանի լիտր բենզին։ Հետեւաբար այսպիսի դեպքերում վերականգնում են ոչ թե վառելիքի կորուստը, այլ պակասեցնում են մրցուղու շրջանը։ Միքայելը մեկնարկեց պիտ կանգառից, ու մի քանի շրջան հետո ընդհանրապես դուրս մնաց։ Աշխարհի չեմպիոնը, որը կարծես վերագտել էր մրցակցության ոգին, տապալվում է հերթական անգամ։

Հունգարիայի մրցուղին, այնուամենայնիվ, մրցակցային ոգի չի թելադրում, այստեղ շատ բան որոշում է տակտիկան, այսինքն, պիտ կանգառը եւ անվադողերի հետ աշխատանքը։ «Հունգարոռինգում» վազանցն անհնարին բան չէ, սակայն չափազանց ռիսկային է։ Ահա, թե ինչու այս անգամ վազանցների ականատես չեղանք։ Չնայած դրան, Կիմի Ռայկոնենը, ի տարբերություն վերջին երկու Գրան պրիների հերոս Ֆերնանդո Ալոնսոյի, այս անգամ «առյուծ էր կտրել»։ Նախ մեկնարկին նա կորցրեց 5-րդ տեղը՝ այն զիջելով Ֆերնանդո Ալոնսոյին։ Հեմիլթոնը մեկնարկից մի քանի շրջան հետո ընդամենը 2 վայրկյանանոց «արանք» էր ստեղծել իր եւ 2-րդ տեղից մեկնարկած «լոտուսցի» Ռոմեն Գրոժանի միջեւ։ Երկուսն էլ ընթանում էին հավասար տեմպով միաժամանակ գերազնացելով մնացածների տեմպը։ Մեկնարկին Բատոնը վազանցեց Ֆետտելին եւ դուրս եկավ 3-րդ տեղ, Մասսան 7-րդ տեղից մղվեց 9-րդ, Պաստոր Մալդոնադոն՝ 8-ից 12-րդ տեղ։ Մինչեւ առաջին պիտ կանգառը լավագույն արագությունը զարգացնում էին  միայն Հեմիլթոնն ու Գրոժանը։ Առաջին տասնյակը մեկնարկել էր soft (փափուկ) տիպի անվադողերով, որոնք հակառակ «Հունգարոռինգի» ասֆալտի 46 աստիճանի հասած տաքությանը, այնքան էլ արագ չէին մաշվում։ Առաջին պիտ կանգառին առաջատարները  պահպանում են soft –ը բացի «Ռեդ Բուլլի» արշավորդներից. Ֆետելը եւ Մարկ Վեբերը պիտ կանգառից դուրս են գալիս medium-ով (կոշտ)։ Ֆետելն անմիջապես ցույց է տալիս լավագույն արագությունը՝ 1.27.327։ Ռայկոնենը պիտ կանգառից դուրս է գալիս «մաքուր» մրցուղի։ Այսինքն, նա ոչ մեկին կարիք չունի վազանցելու եւ զարգացնում է մեծ արագություն։ Մինչեւ 2-րդ պիտ կանգառը նա իր հաշվին է գրանցում շրջան առ շրջան գրանցված բոլոր լավագույն արդյունքները եւ 2-րդ անգամ անվադողերը փոխելիս արդեն medium-ով նա մրցուղի է մտնում 2-րդ հորիզոնականը վերցնելով։ Մինչեւ 69-րդ շրջանը Ռայկոնենը հետապնդում է առաջատար Լյուիս Հեմիլտոնին 0,5-ից մինչեւ 1 վայրկյան հեռավորության շրջանակներում, սակայն այդպես էլ չի կարողանում վազանցել, քանի որ Հունգարորինգը «զուսպ» է վազանցների նկատմամբ։ Հեմիլտոնը հաղթում է եւ ընդհանուր հաշվարկով մեկ միավորով գերազանցում Կիմի Ռայկոնենին։

Մրցաշարի ավարտից 9 փուլ առաջ Հեմիլթոնը 4-րդ տեղում է 117 միավորով։ 116 միավորով 5-րդ տեղում է Կիմին։ Ֆետելը երրորդն է 122 միավորով, իսկ եզրագիծը 8-րդը հատած Մարկ Վեբբերը երկրորդն է 124 միավորով։ Ֆերնանդո Ալոնսոն չնայած գրաված 5-րդ տեղին առաջատարն է 164 միավորով, ինչը արդեն լուրջ, բայց ոչ բավարար պաշար է աշխարհի այս տարվա չեմպիոնի կոչումը նվաճելու համար։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Հունգարիայի Մեծ մրցանակի խաղարկությունից հետո Սեբաստիան Ֆետելն առջեւում էր 234 միավորով եւ 2-րդ տեղում գտնվող թիմակից Մարկ Վեբերից առաջ էր անցել 85 միավորով։

Առջեւում ավելի քան մեկ ամսվա դադարն է։ Հաջորդը Բելգիայի Մեծ մրցանակի  խաղարկությունն է Սպայում։ Սա սովորաբար համարվում է լավագույն մրցուղին գրեթե բոլոր գործող ավտոարշավորդների համար։ Այն ամենաերկարն է բոլոր 20 մրցուղիներից՝ 7,04 կմ։ Այստեղ ավտոարշավի ժամանակ ցանկացած պահի եղանակը կարող է իր անակնկալները մատուցել։ Եղանակը կանխատեսող սարքավորումները Սպայում սովորաբար չեն արդարացնում իրենց։ Իտալական Մոնցայից հետո Սպան ամենաարագընթացն է, նշանակում է, արգելակներն այստեղ մեծ լարվածության չեն ենթարկվում։ Սպան բաց է վազանցների համար, այստեղ գրեթե յուրաքանչյուր բոլիդ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Ժամում 300 կմ արագությունը այստեղ մոտ է միջին արագությանը։ Շրջադարձերը սովորաբար կտրուկ են գցում բոլիդի տեմպը, սակայն մեխանիկները բոլիդները գերադասում են կարգավորել հենց առավելագույն արագության վրա։ Մեկնարկում այստեղ վթարները գրեթե պարտադիր պայման են։ Սպայի նախորդ հաղթողը Սեբաստիան Ֆետելն է, որը հաղթանակից հետո ասել է. «Ես վայելում եմ Սպայի յուրաքանչյուր շրջանը»։

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում