12:25  ,  17 դեկտեմբերի, 2017

Ռոնալդու. «Գրեմիոյի» մարզիչի հայտարարությունը պատասխանի արժանի չէ, կարող եմ միայն ծիծաղել

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է բրազիլական «Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Ռենատո Գաուշոյի հայտարարությանը: Աբու Դաբիում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից հետո Գաուշոն հայտարարել էր, որ իր կարիերայի ընթացքում նա եղել էր ավելի ուժեղ ֆուտբոլիստ, քան Ռոնալդուն:

«Դա արժանի չէ պատասխանի: Թվերը խոսում են իրենց մասին: Լավագույն պատասխանը պարզապես ծիծաղելն է: Եթե նա այդպես է կարծում, ապա ի՞նչ կարող եմ ասել: Այդ հայտարարությունից հետո ինձ համար հետաքրքիր դարձավ իմանալ նրա կարիերայի մասին: Կարող եմ ասել, որ նա ունեցել է գեղեցիկ կարիերա»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Ռենատո Գաուշոն 1982-1999-ը հանդես է եկել բրազիլական ակումբներում: Եվրոպայում նա 1988-1989-ը խաղացել է իտալական «Ռոմայում»: Բրազիլիայի հավաքականի կազմում Գաուշոն անցկացրել է 44 խաղ եւ խփել 5 գոլ:

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Ռեալը» Ռոնալդուի միակ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել էր «Գրեմիոյին»:

Հանդիպումից առաջ Պորտուգալիայի եւ Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել էր, որ Ռենատո Գաուշոն՝ որպես ֆուտբոլիստ, Ռոնալդուից ավելի լավն է եղել, սակայն պորտուգալացինի ավելի շատ գոլեր է խփում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում