15:54  ,  16 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աշխատակից․ Դի Մարիայի տրանսֆերը միայն մարզաշապիկներ վաճառելու համար էր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թարգմանիչ Դեբորա Գոմեսը պատմել է, որ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տեղափոխությունն անգլիական ակումբ եղել է կոմերցիոն քայլ։ Ըստ նրա՝ մանչեսթերցիները ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստին 2014-ին Մադրիդի «Ռեալից» ձեռք էին բերել նրա մարզաշապիկները վաճառելու համար։

«Ես ակումբի մարդկանցից լսել էի, որ Դի Մարիային ձեռք են բերել մարզաշապիկների վաճառքն ավելացնելու համար։ Այդ է պատճառը, որ նա գոհ չէր։ Դի Մարիան խնդիրներ ուներ ակումբում հարմարվելու հետ կապված։ Առաջին հերթին, նա չէր կարողանում թիմում հաղորդակցվել որեւէ մեկի հետ։ Բացի այդ, արգենտինացին հասկացել էր, որ նրան գնել են մարզաշապիկներ վաճառելու համար։

Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբը կորցել է ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը։ Նրանց համար փողն առաջին տեղում է։ Որեւէ խաղացողի ձեռք բերելուց առաջ նրանք մտածում են, թե ինչպես պետք է եկամուտ ունենան»,- Դեբորա Գոմեսի խոսքը մեջբերում է Esporte Informativo-ն։

Հիշեցնենք, որ 2014/15 մրցաշրջանում Դի Մարիայի մարզաշապիկներն ամենավաճառվողն էին Պրեմյեր լիգայում։ Նա անգլիական ակումբում անցկացրեց մեկ մրցաշրջան եւ տեղափոխվեց ՊՍԺ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում