22:28  ,  3 նոյեմբերի, 2017

ԵԱ. Հայաստան - Ադրբեջան՝ Մովսեսյանն ու Մելքումյանը պարտվեցին

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց  Ադրբեջանի թիմի հետ եւ պարտվեց 1.5:2.5 հաշվով:

Առաջին համարների պայքարում Լեւոն Արոնյանը սպիտակներով 44-րդ քայլում պարտության  մատնեց Շաքրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանը երկրորդն է, Մամեդյարովը՝ չորրորդը: 

Երրորդ խաղատախտակին ոչ ոքի ավարտվեց Գաբրիել Սարգսյանի եւ Արկադի Նայդիչի դիմակայությունը: Սպիտակներով խաղում էր հայ գրոսմայստերը: Կատարվեց 45 քայլ:

Երկրորդ խաղատախտակին Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտություն կրեց Թեյմուր Ռաջաբովից 52-րդ քայլում:

Չորրորդ խաղատախտակին Հրանտ Մելքումյանը դարձյալ սեւերով պարտիան տանուլ տվեց Ռաուֆ Մամեդովին 92-րդ քայլում: 

Հայաստանի հավաքականը երեք հաղթանակից եւ երկու ոչ ոքիից հետո կրեց առաջին պարտությունը եւ ունի 8 միավոր: Մրցաշարային դիրքը հայտնի կլինի բոլոր դիմակայությունների ավարտից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում