Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ եւ պարտվեց 1.5:2.5 հաշվով:
Առաջին համարների պայքարում Լեւոն Արոնյանը սպիտակներով 44-րդ քայլում պարտության մատնեց Շաքրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանը երկրորդն է, Մամեդյարովը՝ չորրորդը:
Երրորդ խաղատախտակին ոչ ոքի ավարտվեց Գաբրիել Սարգսյանի եւ Արկադի Նայդիչի դիմակայությունը: Սպիտակներով խաղում էր հայ գրոսմայստերը: Կատարվեց 45 քայլ:
Երկրորդ խաղատախտակին Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտություն կրեց Թեյմուր Ռաջաբովից 52-րդ քայլում:
Չորրորդ խաղատախտակին Հրանտ Մելքումյանը դարձյալ սեւերով պարտիան տանուլ տվեց Ռաուֆ Մամեդովին 92-րդ քայլում:
Հայաստանի հավաքականը երեք հաղթանակից եւ երկու ոչ ոքիից հետո կրեց առաջին պարտությունը եւ ունի 8 միավոր: Մրցաշարային դիրքը հայտնի կլինի բոլոր դիմակայությունների ավարտից հետո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում