00:58  ,  30 հոկտեմբերի, 2017

Լյուիս Հեմիլթոնը՝ Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն

«Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը չորրորդ անգամ հռչակվեց Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն:

Մեքսիկայի Մեծ մրցանակում «Մերսեդեսի» առաջատարը գրավեց 9-րդ տեղը, սակայն դա նրան չխանգարեց ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի տիտղոսը: Առաջին տեղը գրավեց  «Ռեդ Բուլի» հոլանդացի արշավորդ Մաքս Ֆերստապենը, որին հաջորդեց Վալտերի Բոտասը «Մերսեդեսից»: «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը գրավեց երրորդ տեղը:

Լյուիս Հեմիլթոնի գլխավոր մրցակից, «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը չորրորդն էր: Ֆետելն ու Հեմիլթոնը բախվեցին առաջին շրջանի ժամանակ, ինչի հետեւանքով չկարողացան գրավել մրցանակային տեղեր:

Մրցաշրջանի վերջին 2 Մեծ մրցանակներից առաջ բրիտանացի արշավորդն ունի 333 միավոր, իսկ Սեբաստիան Ֆետելը  277 միավորով երկրորդն է:

Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն դարձել էր նաեւ 2008, 2014 եւ 2015 թվականներին: Նախորդ տարի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր «Մերսեդեսի» նախկին արշավորդ Նիկո Ռոսբերգը, որը հաղթանակից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում