17:37  ,  4 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ապացուցելու բան ունենք

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ լեհերի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսին ներկայացել էր նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նշեց հետեւյալը.

«Հավաքականին միշտ միանում եմ լավ տրամադրությամբ: Հույս ունեմ, որ վաղվա խաղում չենք կրկնի նախորդ հանդիպման սխալները եւ հանդես կգանք ավելի լավ: Վաղը խաղալու ենք մեր ազգի համար:

Լավ ճանաչում եմ իմ նախկին ակումբակիցներ Ռոբերտ Լեւանդովսկուն, Յակուբ Բլաշիկովսկուն ու Լուկաշ Պիշչեկին: Նրանք մարդկային առումով լավ տղաներ են եւ մեծ ներուժ են Լեհաստանի հավաքականի համար: Եթե լինի հնարավորություն, վաղվա խաղից հետո կզրուցեմ նրանց հետ:

Ընտրական փուլի վերջին 2 խաղերում պետք է հասնենք դրական արդյունքի: Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել այլեւս չեն կարող, բայց պետք է ապացուցենք, որ որոշ մարդիկ սխալ են, եւ մենք կարող ենք հասնել լավ արդյունքի:

Տարբերություն չեմ դնում հավաքականում ու ակումբում խաղալու միջեւ: Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» փորձում եմ ավելի շատ խաղն ինձ վրա վերցնել, իսկ հավաքականում թիմային խաղ եմ ցուցադրում:

Դանիայի հավաքականի դեմ նախորդ խաղից հետո չզրուցեցի լրագրողների հետ, քանի որ նյարդայնացած էի պարտության պատճառով: Այժմ կենտրոնացած ենք լեհերի դեմ խաղի վրա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստան - Լեհաստան հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում