13:22  ,  2 հոկտեմբերի, 2017

Փաշիկ Ալավերդյանը՝ հայ ծանրորդների որակազրկման մասին. Դեռ վերջնական ոչինչ պարզ չէ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած  նիստում որոշում էր կայացրել դոպինգի համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականին: Սա նշանակում է, որ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը չի կարող մասնակցել ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։ Ի դեպ, աշխարհի առաջնությանը Հայաստանը պետք է մասնակցեր 4 ծանրորդներով՝ Անդրանիկ Կարապետյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան։ Իսկ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ մեծահասակների աշխարհի առաջնությանը հավաքականը ներկայացուցիչ չի ունենալու։

Բուխարեստում կայացած IWF-ի նիստին մասնակցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց IWF-ի որոշումը։

«Դեռ վերջնական ոչինչ պարզ չէ։ Միայն հստակ է այն տեղեկությունը, որ Հայաստանի հավաքականի ու եւս մի քանի երկրների թիմերի հարաբերությունները միջազգային ֆեդերացիայի հետ մեկ տարով կասեցվել են։ Սա դեռեւս նախագիծ է, դեռեւս չենք կարող որեւէ հստակ բան ասել, թե քանի մարզիկի է դա վերաբերվում, որ հավաքականներին, թե ամբողջ ֆեդերացիային։

Բուխարեստում միայն որոշումը կայացվեց, բայց պարզ չէ, թե այդ որակազրկումը երբվանից է ուժի մեջ մտնում։ Մենք գիտեինք, որ այս խնդիրն ունենք, որ Հայաստանի թիմի նկատմամբ ինչ-որ որոշում է կայացվելու։ Միայն թե չեմ կարող ասել, թե մեկ տարվա որակազրկումը ամբողջ հավաքականի վրա կազդի, թե կոնկրետ մարզիկների։ Իսկ այն, որ մեկ տարի մենք եւ մեր պես մի քանի երկրների ներկայացուցիչներ որեւէ հարաբերություններ պետք է չունենան միջազգային ֆեդերացիայի հետ, դա հստակ է։

Հիմա, օրինակ, կանանց ծանրամարտի երիտասարդական հավաքականն այս օրերին պատրաստվում է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է հոկտեմբերի 15-23-ը Ալբանիայում։ Հիմա դեռ չգիտենք՝ այս որոշումը ե՞րբ է ուժի մեջ մտնելու՝ գուցե հոկտեմբերի 4-ից կամ 24-ից։ Եթե, օրինակ, հոկտեմբերի 20-ից հետո մտնի, աղջիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ ֆեդերացիան կբողոքարկի IWF-ի որոշումը։

«Բողոքարկելու հնարավորություն ունենք։ Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ դեռ կքննարկենք մեր առաջիկա անելիքները։ Հիմա սա նախագիծ է, իսկ նախագիծը չենք կարող բողոքարկել։ Դեռ պետք է հասկանանք, թե միջազգային ֆեդերացիան ինչ է ուզում եւ ումից է ուզում։

Պարզ չէ նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի մարզական կարիերայի ճակատագիրը։ Նրանց մասին որոշում ես այնտեղ չլսեցի եւ նրանց անունները որեւէ տեղ չկարդացի։

Պետք է հասկանանք՝ կոնկրետ ի՞նչ է ուզում միջազգային ֆեդերացիան, ինչի՞ց է մեզ զրկում, որքա՞ն է տեւելու այդ կասեցումը, իսկ հետո նոր հասկանանք՝ որ որոշման դեմ ենք բողոքարկում»,- նշեց տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։

Փաշիկ Ալավեդրյանը վստահեցնում է, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը որեւէ կերպ բացական ազդեցություն չի ունենա Հայաստանի հավաքականների աշխատանքների եւ մարզումային գործընթացի վրա։

«Իսկ մինչեւ այդ տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները բնականոն հունով կշարունակեն աշխատանքը։ Միջազգային ֆեդերացիայի որեւէ որոշում չի կարող ազդել մեր մարզումային գործընթացի վրա։ Մենք կշարունակենք մեր հավաքները, մարզումները, ինչպես յուրաքանչյուր տարի է, կանցկացնենք նաեւ Հայաստանի առաջնություն մինչեւ լրանա այս մեկ տարին։ 1 տարի է, 9 տարի չէ։ Այնպես որ, դեռ պետք չէ սխալ հայտարարություններ անել, թե Հայաստանին որակազրկել են։ Պարզապես մեր հավաքականի որեւէ տեսակի հարաբերությունները միջազգային ֆեդերացիայի հետ կասեցրել են»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 22-ին ՄՕԿ-ի պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման հիման վրա, Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Հայտարարության մեջ ասվում էր, որ ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ եւ ստանոզոլ արգելված դեղամիջցներ:

Նույն իրավիճակում 2016 թվականի ամռանը հայտնվեց նաեւ Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը: Գյումրեցի ծանրորդի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում էլ հայտնաբերվել էր ստանոզոլոլ ու եւս մեկ արգելված խթանիչ: 

2017 թվականի հունվարին Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակեց Պեկին-2008-ի եւ Լոնդոն-2012ի Օլիմպիական խաղերում դոպինգի համար որակազրկված մարզիկների վերջնական ցուցակը։ Նրանց թվում հայտնվեց նաեւ 2008թ. ԱՄՆ-ի չեմպիոն Նորայր Վարդանյանը, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ներկայացրել էր Հայաստանը։ 

Մեկ տարով որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականները, որոնք եւս բաց կթողնեն աշխարհի 2017թ. առաջնությունը:

Հոկտեմբերի 2-ին ՀԱՕԿ-ը պաշտոնապես հայտնել է, որ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան IWF-ի գործկոմի որոշումը բողոքարկելու ժամանակ ունեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում