21:24  ,  12 սեպտեմբերի, 2017

«Բարսելոնայի» փոխնախագահ. Անկախության դեպքում, մենք կխաղանք այնտեղ, որտեղ «էսպանյոլն» ու «Ժիրոնան»

«Բարսելոնայի» փոխնախագահ Կարլես Վիլառուբին վստահ է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն ակումբի վրա ազդեցություն չի ունենա: Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել էր, որ Կատալոնիայի անկախության դեպքում, «Բարսելոնան» հնարավոր է՝ չկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնությանը: Կատալոնական ակումբը բազմիցս հայտարարել է, որ կողմ է երկրամասի անկախությանը:

«Կատալոնիայի անկախության դեպքում, մենք կխաղանք այնտեղ, որտեղ «էսպանյոլն» ու «Ժիրոնան»: Բայց հանրաքվեն յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: Այն ոչ մի կերպ չի ազդի ակումբի վրա:

Բարտոմեուին ուղղված քննադատության վերաբերյալ կասեմ, որ մենք ընտրվել ենք երկու տարի առաջ եւ դեռ չորս տարվա աշխատանք ունենք»,- Վիլառուբիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նախկինում կարծիքներ են հնչել, որ Իսպանիայից Կատալոնիայի անջատման դեպքում, «Բարսելոնան» «Մոնակոյի» օրինակով կարող է հանդես գալ Ֆրանսիայի առաջնությունում:

63-ամյա Վիլառուբին նաեւ «Ռոտշիլդ Իսպանիա» ներդրումային բանկի փոխնախագահն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում