17:40  ,  1 սեպտեմբերի, 2017

Լիլիթ Պողոսյանը 3 տարի կմարզվի Դանիայում

Բատմինտոնի Հայաստանի հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանը մեկնել է Դանիա՝ մասնակցելու միջազգային հավաքի, որը կազմակերպել է Եվրոպական կոնֆեդերացիան: Այդ մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է բատմինտոնի Հայաստանի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը: Նրա խոսքով՝ հայ մարզուհին Դանիայում մարզվելու է առաջիկա երեք տարիների ընթացքում:

«Եվրոպական կոնֆեդերացիան ընտրել է աշխարհամասի 18 ուժեղ մարզիկի, որոնց թվում է Լիլիթ Պողոսյանը: Հավաքի նպատակն է բատմինտոնիստներին պատրաստել որպես օլիմպիական խաղերի թեկնածուներ: Լիլիթը երեկ մեկնել է Դանիա, իսկ այսօր արդեն անցկացրել են առաջին մարզումը: Նրանք մարզվում են Հոլբեկ քաղաքի ուսումնամարզական կենտրոնում:  

Լիլիթը պայմանագիր է ստորագրել Եվրոպայի կոնֆեդերացիայի հետ, որի համաձայն հավաքի ընթացքում նա տարին տասն անգամ պետք է մասնակցի միջազգային մրցաշարերի: Նա նաեւ առաջարկ է ստացել դանիական «Տաստրուփ» ակումբից: Պողոսյանն ընդունել է այդ ակումբում հանդես գալու հրավերը: Սա հիանալի նորություն է մեզ համար: Լիլիթի համար մեծ հնարավորություն է: Նա կկարողանա կանոնավոր խաղեր անցկացնել, փորձ փեռք բերել, մարզավիճակը պահպանել»,- ասել է Հրաչյա Պողոսյանը:

Սեպտեմբերի 21-ին Պողոսյանը Լեհաստանում մասնակցելու է միջազգային մրցաշարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում