09:10  ,  1 սեպտեմբերի, 2017

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ. Հայաստանի դեմ խաղում կորցրինք 2 միավոր

Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Բուշմանովը մեկնաբանել է Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի թիմի դեմ տնային ոչ ոքին:

«Գոլային պահերն իրացնելու հետ կապված խնդիրների մասին կասեմ, որ ֆուտբոլը դրանով է գեղեցիկ, քանի որ անկանխատեսելի է: Ունեինք մեծ առավելություն, պետք էր իրացնել գոլային պահերը: Փորձեցինք բոլոր դարպասաձողերի ամրությունը, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում դարպասում: Կորցրինք 2 միավոր, եւ դա շատ կարեւոր է: Վստահ եմ, որ մեր խմբում միավորներ կորցնելու են բոլորը: Եթե չհաշվենք չիրացված պահերը, թիմի խաղից գոհ եմ: Այն, ինչ ծրագրել էինք, կատարեցինք: Հասնում էինք մրցակցի տուգանային հրապարակ, ստեղծում գոլային պահեր, բայց գոլ խփել չհաջողվեց»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնային ստադիոնում կայացած հանդիպման ավարտվել էր 0:0 հաշվով: Եվրո-2019-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը 3:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ջիբրալթարի նկատմամբ, իսկ ռուսներն անցկացրին առաջին հանդիպումը: Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 5-ին՝ ընդունելով Մակեդոնիայի երիտասարդական հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով