Անգլիայի առաջնության երկրորդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդից» «Էվերտոն» վերադարձած Ուեյն Ռունին: Անգլիացի հարձակվողը 200-րդ գոլը խփեց Անգլիայի Պրեմյեր լիգայում: Ռունին «Մանչեսթեր Սիթիին» է խփել նաեւ իր 50-րդ եւ 150-րդ գոլերը Պրեմյեր լիգայում: Ավելի շատ գոլ անգլիական Պրեմյեր լիգայում խփել է միայն Ալան Շիրերը՝ 260 գոլ:
44-րդ րոպեից կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց անգլիացի պաշտպան Կայլ Ուոլքերը:
82-րդ րոպեին անգլիացի հարձակողական կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը կարողացան խուսափել պարտությունից:
88-րդ րոպեին հեռացում եղան նաեւ հյուրերի կազմում: Երկրորդ դեղին քարտը ստացավ ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլենը:
«Մանչեսթեր Սիթին» ու «Էվերտոնն» ունեն 4-ական միավոր: Նույնքան վաստակել են նաեւ «Ուոթֆորդը», «Լիվերպուլն» ու «Սաութհեմփթոնը»:
Առաջատարներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Հադերսֆիլդն» ու «Վեստ Բրոմվիչը»՝ 6-ական միավոր:
Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1
Ռահիմ Ստերլինգ, 82 - Ուեյն Ռունի, 35
Հեռացումներ՝ Կայլ Ուոլքեր, 44, երկրորդ դեղին քարտ - Մորգան Շնեյդերլեն, 88, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում