19:20  ,  5 օգոստոսի, 2017

Վինդսերֆինգ. Սեւանա լճում մարզումներն ավելի օգտակար են, քան բաց ծովում (ֆոտո)

Սեւանի թերակղզուց ոչ հեռու, հյուրանոցների ու հագնստյան գոտիների արանքում է գործում Երեւանի առագաստային ակումբի վինդսերֆինգի կենտրոնը։ Ջրային մարզաձեւի ջատագովներն ու մարզիկներն այստեղ մարզվում են, բնակվում եւ փորձում իրենց հնարավորությունների չափով զարգացնել վինդսերֆինգը «հայկական ձեւով»՝ ինքնաֆինանսավորմամբ եւ առավելագույնը Ռուսաստանի առաջնությանը մասնակցելով։

Մարզաձեւի խնդիրների, «հայկական իրականության», զարգացման հեռանկարների մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց «Երեւանի առագաստային ակումբի» վինդսերֆինգի ավագ մարզիչ Մուշեղ Բարսեղյանի հետ։

Պարոն Բարսեղյան, ե՞րբ է ստեղծվել Հայաստանի թերեւս միակ խոշոր ակումբը եւ ի՞նչ տարածում ունի մարզաձեւը մեր երկրում։

«Երեւանի առագաստային սպորտի վինդսերֆինգ ակումբը» ստեղծվել է 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Նա զբաղվում է վինդսերֆինգով եւ նրա մտահղացմամբ կառուցվեց այս բազան, որը միակն է, Երեւանում գործող փոքր ակումբից բացի։ Այս մարզաձեւով կարելի է զբաղվել միայն մեր ակումբում եւ միայն Սեւանա լճում։ Այստեղ է կենտրոնացված Հայաստանի հավաքականը, մեր սաներն են դրսում ներկայացնում Հայաստանը, մասնակցում տարբեր մրցաշարերի։ Հաջողություններ ունեցել ենք. մեր աղջիկ մարզիկներից մեկն 2010 թվականին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությանը զբաղեցրել է 3-րդ տեղը, նա նաեւ Ռուսաստանի 6-ակի չեմպիոն է։ Ակումբում ներգրավված են 8-14 տարեկան երեխաներ եւ հավաքականը։

Ինչի՞ն են նախապատրաստվում մարզիկներն այս շրջանում։

Այս օրերին վինդսերֆինգիստները պատրաստվում են օգոստոսի 12-20-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը, որին մասնակցում են բացառապես Երեւանի մարզիկները՝ մինչեւ 30 մարզիկ։ Սեւանից մասնակից չունենք, քանի որ այս շրջանում սեւանցիները նախընտրում են վինդսերֆինգով զբաղվելու փոխարեն գումար վաստակել ընտանիքը պահելու համար։ Մյուս մարզերից մասնակիցներ չունենք, քանի որ Հայաստանի այլ մարզերում դպրոցներ, մարզաբազաներ, մարզվելու պայմաններ չկան։ Միայն Երեւանում կա մի ակումբ՝ Վարդավառի լճում(Թոխմախ), որտեղ վինդսերֆինգով զբաղվողներին սովորեցնում ենք միայն կանգնել տախտակի վրա, փորձում ենք բացատրել նաեւ, թե ինչ է վինդսերֆինգն իրենից ներկայացնում։ Թե հավաքականի, թե սկսնակների մարզումներն անցկացվում են Սեւանում։

 

Ի՞նչ միջազգային մրցաշարերի են մասնակցում հայ վինդսերֆինգիստները։

Դրան կհաջորդի ակումբի առաջնությունը, սեպտեմբերին կանցկացնենք Ռոբերտ Քոչարյանի գավաթը եւ Երեւանի գավաթի խաղարկությունը։ Միջազգային մրցաշարերից 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո կարողանում ենք մասնակցել միայն Ռուսաստանի առաջնությանը, որն այս տարի կկայանա Գելենջիկում։ Հավանաբար կմասնակցենք 4 մարզիկով՝ 2 աղջիկ, 2 տղա։

Ինչո՞ւ հավանաբար, ինչո՞վ է պայմանավորված միայն Ռուսաստանի առաջնությանը մասնակցելը։

Գումարի խնդիրն է։ Վինդսերֆինգը թանկ մարզաձեւ է, տախտակ ու առագաստ ձեռք բերելը թանկ հաճույք է։ Գումար չունենք, որ միջազգային մրցաշարերի մասնակցենք։ Հնարավորություն ունենք մրցանակային տեղեր զբաղեցնել, արդեն ունեցել ենք աշխարհի բրոնզե մեդալ, մեր մարզիկները շատ ուժեղ են, մրցունակ, կարող են նույնիսկ հասնել մինչեւ Օլիմպիական խաղեր։ Եթե գումարի հարցը լուծվի, կարող ենք հավակնել նույնիսկ Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգրերին։ Խնդիրը զուտ ֆինանսականն է։ Մենք ունենք պետական բյուջե, բայց, իմ տեղեկություններով, այդ բյուջեից չենք էլ օգտվում։ Ամեն ինչ անում ենք մեր միջոցներով, մեր հովանավորներով։ Միջազգային մրցահարթակում վինդսերֆինգիստները մի առագաստով մարզվում են 6 ամիս, մենք արդեն 8 տարի է մեր առագաստները չենք փոխել։ Աշխարհի առաջնության մարզագույքը՝ սերֆը եւ առագաստը 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար արժե։ 2010 թվականի աշխարհի առաջնությանը մեր մարզուհին իր գումարով մեկնեց մրցման, բրոնզե մեդալ նվաճեց, եկավ։

Հայաստանի առաջնություն ենք անցկացնում, մարզիկներին տալիս ենք միայն դիպլոմներ։ Հայաստանի սպորտի վարպետը ամսական 3000 դրամ է ստանում, իսկ միջազգային կարգի վարպետը՝ 7500։ Մեզ այս մարզաձեւում պահում է միայն սերը։ Եթե մենք էլ հրաժարվենք, Հայաստանում այս մարզաձեւը կմեռնի:

Մարզաձեւով զբաղվողները քանի՞սն են եւ զարգացման ի՞նչ հեռանկար ունի վինդսերֆինգը Հայաստանում։

Ջրի վրա մարզվում ենք միայն ամռանը։ Տարվա մյուս եղանակներին մարզիկները զբաղվում են լողով, դահուկավազքով, սնոուբորդով։ Ջրային մարզումների շրջանում մինչեւ 300 պրոֆեսիոնալ վինդսերֆինգիստ ենք ունենում, ովքեր գալիս են ակումբ, այստեղ են մնում, նրանց ապրուստի եւ մարզման ծախսերը հոգում է ֆեդերացիան։ Օրինակ՝ այս տարի արդեն 150-ից ավելի վինդսերֆինգիստ ենք ընդունել ակումբում, փուլ առ փուլ են հաճախում։ Սպասում ենք դեռեւս 20-30 մարզիկի։ Լավագույն արդյունքները ցույց տվողները դառնում են ակումբի անդամ, ընդգրկվում հավաքական, մասնակցում մրցումների։

Ինչպե՞ս կբնութագրեք վինդսերֆինգը եւ ի՞նչ է անհարժեշտ այս մարզաձեւով զբաղվելու համար։

Մարզաձեւով զբաղվելու համար անհրաշտ է միայն ցանկություն։ Մենք ամեն պայման եւ հնարավորություն ստեղծում ենք նրանց համար, ովքեր ուզում են սովորել վինդսերֆինգ եւ ունենալ հաջողություններ այս մարզաձեւում։ Այս մարզաձեւը տարիք չի ճանաչում. մարդ կարող է վինդսերֆինգով զբաղվել այնքան, որքան կարողանում է ոտքերի վրա կանգնել։ Ոչինչ հարկավոր չէ երեխային այս մարզաձեւ բերելու համար. լողալ մենք սովորեցնում ենք, եթե վախ կա ջրից, հոգեբանի միջամտությամբ հասնում ենք, իսկ ով նույնիսկ մոտենում է ափին, առանց փրկարարական բաճկոնի թույլ չենք տալիս կանգնել տախտակի վրա։ Մեզ միայն պետք է մարդկանց, երեխաների, զբաղվել ցանկացողների ներկայությունը։  

Վինդսերֆինգը շփում է բնության հետ, բնությանն ավելի մոտ լինելու, բնությունը զգալու ամենալավ տարբերակը։ Ջրի վրա հասկանում ես, թե ինչ փոքր ես դու. լինելով Սեւանում, թե բաց ծովում, ափից շատ հեռու գտնվելով, հասկանում ես, որ շատ փոքր ես բնության համեմատ։ Եվ ջրի վրա կանգնելու եւ քամու հետ «աշխատելու» միակ միջոցը բնությանը հասկանալն է։ Եթե հասկացար, կհաղթահարես վինդսերֆինգի դժվարությունը, կղեկավարես առագաստը, հակառակ դեպքում Սեւանը կամ բաց ծովը չի ների քեզ։

Եթե ուզում ես լավ վինդերֆինգիստ դառնալ, լավագույն վայրը Սեւանն է. այստեղ քամին փոփոխական է, երբեք չես իմանա՝ որտեղից կփչի, ինչը քեզ հնարավորություն է տալիս անընդհատ մտածելու։ Այս առումով Սեւանի մարզումներն ավելի օգտակար են, քան բաց ծովում, որտեղ քամին ամիսներ շարունակ մի կողմից է փչում։ Եթե մյուս մարզաձերեւում կարեւոր է լավ մկանային համարգ ունենալ եւ աշխատացնել մարմնի մկանները, վինդսերֆինգում միայն մկանները լավ աշխատացնելով՝ լավ վինդսերֆինգիստ չես դառնա. պետք է ջրի վրա մտածես, ուղեղն աշխատի մկանների հետ՝ մեկը մյուսին զիջելով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում