Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարում հանգստյան օրվանից հետո հուլիսի 12-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:
5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարը 3 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որոնք հավաքել են 3.5-ական միավոր եւ այս տուրում կմրցեն իրար հետ:
Նախորդ 5 պարտիաներում Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Պյոտր Սվիդլերի հետ, ինչպես նաեւ հաղթել ռուս Դմիտրի Յակովենկոյին:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում