09:33  ,  26 հունիսի, 2017

Հովհաննես Բաչկով. Ինձ համար այս սերն ու ջերմությունը շատ կարեւոր է ու պարտավորեցնող (ֆոտո)

Հաղթանակս նվիրում եմ ամբողջ հայ ազգին: Ուրախ եմ, որ գիշերվա այս ուշ ժամին մարդիկ եկել են մեզ այսպիսի ջերմ ընդունելության արժանացնելու:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հարցին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանեց Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Բռնցքամարտի Հայաստանի թիմը Եվրոպայի նորընծա չեմպիոնի եւ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ այս գիշեր Խարկովից վերադարձավ Երեւան: 7 տարվա դադարից հետո Հայաստանին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ պարգեւած բռնցքամարտիկին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին չեմպիոնավայել:

Թիմի ժամանումից դեռ ժամեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը մարդաշատ էր: Մարզաշխարհի ներկայացուցիչները, գյումրեցի մարզասերները զուռնա դհոլով եկել էին Հովհաննես Բաչկովին դիմավորելու:

Դիմավորողներից ամենաանհամբերը 2-ամյա Սերգեյ Բաչկովն էր՝ Հովհաննես Բաչկովի որդին: Չնայած փոքրիկ Սերգեյի քունը տանում էր, բայց նա ժամանման ելքի մոտ անհամբեր սպասում էր չեմպիոն հոր դուրս գալուն:

Նախքան Հովհաննես Բաչկովի դուրս գալը, օդանավակայանում հավաքված բազմությունը ծափերով դիմավորեց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին, որն անակնկալի եկավ՝ տեսնելով իր գլխավորած թիմին եւ իրեն սպասող այդքան երկրպագուների:

Ուրախության ալիքը կրկնապատկեց Եվրոպայի չեմպիոնը: Առաջինը չեմպիոնին դիմավորեց կրտսեր Բաչկովը: Չեմպիոնի դափնեպսակը ստանալուն պես Բաչկովի հարազատները, բարեկամներն ու ընկերները հերթ չէին տալիս մեկը մյուսին՝ յուրաքանչյուրը ցանկանում էր անձամբ մոտենալ, համբուրել շնորհավորել:

Հովհաննես Բաչկովը, օդանավակայանում իրեն դիմավորելու եկած հոծ բազմությունը տեսնելով, չկարողացավ զսպել հուզմունքն ու թաքցնել ուրախության արցունքները:

«Նախ ուզում եմ այստեղ ներկա գտնվողներին շնորհակալություն հայտնել, որ այս ուշ գիշերով եկել են ինձ դիմավորելու: Ես Եվրոպայի ռինգում էլ հոգեպես զգացել եմ մեր ժողովրդի գոտեպնդումը եւ գիտակցում էի, որ այս հաղթանակն իսկապես շատ կուրախացնի մեր ազգին: Բայց այսքան չէի պատկերացնում: Ինձ համար այս սերն ու ջերմությունը շատ կարեւոր է, ինչպես նաեւ շատ պարտավորեցնող: Այս ընդունելությունը յուրաքանչյուր մարզիկի համար մեծ ներշնչանք է: Փորձելու ենք շարունակական դարձնել մեր հաղթանակները, չբավարարվել այս մեկով, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը նման ընդունելության արժանանա իր երկրում:

Եվրոպայի ոսկե մեդալի նվաճումը ստացվեց մեծ համառության շնորհիվ, քանի որ իմ ու մեր ամբողջ թիմի մոտ հաղթելու ցանկությունը շատ մեծ էր: Այս հաղթանակը ամբողջ թիմի, լավ թիմի, թիմային մեծ աշխատանքի շնորհիվ մեզ հասավ:

Ծանր մենամարտեր անցկացրեցի Խարկովի ռինգում: Բարդ տրվեց ոսկե մեդալը: Չեմ կարող առանձնացնել մենամարտերիցս որեւէ մեկը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաչկովը:

Հովհաննես Բաչկովը հուզմունքից չկարողացավ լրագրողներին հետաքրքրող հարցերին մինչեւ վերջ պատասխանել, բայց NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ում է նվիրում հաղթանակը, հպարտությամբ պատասխանեց. «Այս հաղթանակն ամբողջ հայ ազգինն է»:

Եվրոպայի նորընծա չեմպիոնը երկար ժամանակ չէր կարողանում լքել սպասասրահը, քանի որ ներկաներից յուրաքանչյուրը ցանկանում էր առանձին լուսանկար եւ սելֆի ունենալ նրա հետ: Իսկ այդ ամբողջ ընթացքում կրստեր Բաչկովն այդպես էլ հոր գրկից չբացակայեց՝ ձեռքին պահելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

Վերջում չեմպիոնն ուղեւորվեց Գյումրի: Հովհաննես Բաչկովին սպասում էին նաեւ Գյումրիում:

Հայաստանի Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունից եւ ՀԱՕԿ-ից ներկայացուցիչներ չէին եկել Բաչկովին դիմավորելու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում